«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, արևելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:
– Պարոն Հովհաննիսյան, ի վերջո երկարատև բանակցություններից հետո ԱՄՆ–ն ու ՌԴ–ն պայմանավորվածություն ձեռք բերեցին Սիրիայի ռազմական միջամտությունից խուսափելու հարցում: Որքանով է ամուր այդ պայմանավորվածությունը, եթե հաշվի առնենք, որ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե չի կարող երաշխավորել , որ Ասադը կվերացնի քիմիական զենքը:
– Այդ պայմանավորվածությունն ամուր է: Այն իրավիճակում, որում գտնվում է այսօր Սիրիան, միջազգային հանրության վերաբերմունքն այն խնդիրների նկատմամբ, որոնք կապված են զանգվածային ոչնչացման զենքի հետ, թույլ է տալիս վստահ ասել, որ քիմիական զենքի հանձնելու գործընթացը`գուցե բարդություններով, տարբեր գործոնների ազդեցության հետևանքով առաջացող ձգձգումներով, բայց պետք է առաջ ընթանա: Սիրիան անմիջապես միացել է քիմիական զենք չարտադրելու և չտարածելու ՄԱԿ-ի կոնվենցիային, հայտնել իր պատրաստակամությունը՝ թույլ տալու միջազգային փորձագետներն այցելեն այն բոլոր հզորությունները, որտեղ արտադրվում է քիմիական զենքը և նաև պահեստները, ուստի այստեղ, կարծես, խոչընդոտներ չպետք է լինեն: Ներգրավելով Ռուսաստանն այս խնդրի լուծման մեջ՝ Միացյալ Նահանգները նոր հնարավորություններ է ստանում դիվանագիտական մանևրների ընլայնման համար: Օբաման ամեն ինչ անում էր, որպեսզի ստիպված չլինի այդ հարվածը հասցնելու, սակայն կար այն չարաբաստիկ հայտարարությունը «կարմիր գծի» վերաբերյալ, և նա պարտադրված էր որոշակի գործողություններ ձեռք առնելու: Նա անընդհատ ժամանակ էր փորձում շահել` ձգձգելով որոշում ընդունելը, այնուամենայնիվ՝ ի վերջո ՌԴ-ի հետ միասին կարողացան գալ խնդրի այս լուծմանը: Հասկանալի է, որ Սիրիայի ներկայիս իրավիճակի վրա մեծ ազդեցություն է ունենալու այդ որոշումը: Մենք դա արդեն տեսնում ենք, դատելով այն արյունալի բախումներից, որոնք ընդդիմության ճամբարում են տեղի ունենում, մի քանի խարիսխներում տարբեր խմբեր իրար են բախվում, արյունալի մարտեր են տեղի ունենում իրար մեջ: Սա ես կապում եմ այն հուսահատության հետ, որը ստեղծվել է իշխանություններին հակառակ ճամբարում, և սա նաև կապված է այն կրոնագաղափարական հակասությունների հետ, որոնք կան ընդդիմության ճամբարում և հասկանալի է, որ այն ուժերը, որոնք կտրականապես դեմ են Արևմուտքի հետ հույսեր կապելուն, իրենց ճշմարտությունը, իրենց արդար լինելն ապացուցում են` ձգտելով գլխավորողի և որոշումներ ընդունողի դեր ստանձնել այդ ամբողջ ճամբարում: Սա բերում է նրան, որ այդ ուժի դերը ստանձնելուն մղված գործողություններն ավելի ու ավելի կատաղի բնույթ են ընդունում: Մյուս կողմից՝ սիրիական բանակը, որը երկու տարիների ընթացքում լուրջ փորձ է ձեռք բերել, բավականին հաջող կերպով իրականացնում է ուղիների, ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ճանապարհների և այլ գծերի մաքրումը զինյալներից: Սա հաջող է տեղի ունենում՝ չնայած մեծ ջանքերով և կորուստներով: Բարդ է իրավիճակը և այս պայմանավորվածության հիման վրա որոշակի հիմքեր են ստեղծվում, որպեսզի ձեռք բերվեն միասնական ջանքերի վերաբերյալ նոր պայմանավորվածություններ, որոնք թույլ կտան ընդհատել այն ողբերգական իրավիճակը, որում գտնվում է Սիրիայի ժողովուրդը: Այսօր ավերվում է մի երկիր, որը մարդկության հոգևոր մշակույթի հիմնական գանձարաններից մեկն է, որը մի ունիկալ կաթսա է, որտեղ միասին՝ ոչ միշտ դրական հիշողությամբ, ապրում են բազմաթիվ էթնոսներ և այլն: Քանդվում է մարդկության համար մեծ նշանակություն ունեցող գանձարան, և ինչը կարևոր է՝ երկու տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ հասարակությունը ծայրահեղ աստիճանի բևեռացված է, կոմպրոմիսային լուծումներ չկան, երկխոսությունը զինյալ խմբավորումների մեծամասնության հետ անհնար է: Վերջին մեկ տարվա իրադարձությունների հետևանքով բնակչության մեծ մասը, այդ թվում`սունիները,ավելի ձգտում են միավորվել իշխանությունների շուրջ, որպեսզի վերջ դրվի իսլամական ծայրահեղականների (նրանց զգալի մասը սիրիացիներ չեն) վայրագություններին: Այստեղ պետք է լինի երրորդ ուժ, որը, փորձելով ընդհանուր կետեր գտնել քիչ թե շատ մեղմ դիրքորոշում ունեցող խմբերի հետ՝ միաժամանակ կփորձի սնուցման աղբյուրներից զրկել ռադիկալ խմբերին: Անհնար է, որ իշխանություններին չներկայացվեն լրջագույն պայմաններ սա անելու համար՝ բարեփոխումներ, օգնություն՝ միջազգային հսկողությամբ և այլն:
– Ռազմական միջամտության մասին խոսակցությունների օրակարգ մտնելուն պես տպավորություն ստեղծվեց, որ Արևմուտքը փորձեց ռուսական դիրքորոշմանն ավելի մեծ կարևորություն հաղորդել, որպեսզի այդ դիվանագիտության ձախողումն ավելի ջախջախիչ լիներ: Կա՞ արդյոք նման տպավորություն Ձեզ մոտ, և ռազմական միջամտության հարցը Դուք փակվա՞ծ եք համարում:
– Ես միշտ եմ նշել, որ ԱՄՆ-ն այդ խնդրին փորձում է վերաբերվել դիստանցավորված և անմիջական մասնակցություն չունենալ: Սրա մասին են վկայում տարբեր քննարկումները, որոնք տեղի են ունեցել թե՛ Սենատում, թե՛ Կոնգրեսում: Սրա մասին են վկայում ԱԳ նախարարների, Քլինթոնի և Քերիի հայտարարությունները: Հասկանալի է, որ այն փորձը, որն ԱՄՆ-ը ձեռք բերեց Աֆղանստանի և Իրաքի դեպքում, լրջագույն ազդեցություն ունի որոշումների կայացման վրա: ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամից հետո ներքին խնդիրները շատ լուրջ են, և մարդկանց հենց այդ խնդիրներն են հետաքրքրում, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ ռազմական ընգրկվածությունը չի ընդունվում հասարակության կողմից: Կարծում եմ, որ ԱՄՆ-ը կշարունակի այս քաղաքականությունը, այսինքն՝ կաշխատեն բավականին մեծ դիստանցիա պահել՝ միևնույն ժամանակ վերահսկելով գործընթացները և որոշումների ընդունման մեջ կարևոր դերակատարություն ունենալով: Ի վերջո, այս պայմանավորվածությունը մի քանի խնդիր լուծեց` Իսրայելը, որի համար Սիրիայում քիմիական զենքի առկայությունը մշտական վտանգ էր ներկայացնում, հասավ իր նպատակներին, ուստի ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը պետք է որ բավարարված լինի: Մյուս կողմից՝ նույն Իսրայելին ձեռնտու չի լինի, որ ռադիկալները գան իշխանության գլուխ և սալաֆիական տրամաբանությամբ անմիջապես ջիհադ հայտարարվի և այլն, և այլն: Մյուս կարևորագույն ուժերը՝ Սաուդական Արաբիան և Թուրքիան, որոնք, անշուշտ, երազում էին ԱՄՆ-ին ներգրավել այս գործողությունների մեջ, արդեն պետք է որ սկսեն վերագնահատել իրենց քաղաքականությունը: Պարզ է, որ հսկայական ներդրումներ են արել, սաուդացիները նույնիսկ իրենց մահվան, ինչպես նաև` երկարաժամկետ ազատազրկման դատապարտված բանտարկյալներին ազատել են և Սիրիա ուղարկել, որ կռվեն: Իրենց ողջ կրիմինալը լցրել են Սիրիա: Սա գուցեև նպատակներից մեկն է, որ ողջ խուժանը թափվի Սիրիա, և իրենք այդ վտանգավոր էլեմենտներից պրծնեն, բայց ծախսը չափից դուրս մեծ է այդ խնդիրները լուծելու համար: Անշուշտ, յուրաքանչյուրն իր թիրախ խմբերին շարունակելու է օգնել, բայց Արևմուտքը Ռուսաստանի հետ միասին, ինչպես նաև Չինաստանը և Իրանը, իմ կարծիքով, տրամադրված են որոշակի գործընթացներ սկսել, որոնք կբերեն իրավիճակի կարգավորմանը, թե որքան դա կտևի, ոչ ոք չի կարող ասել: Այս պաուզան հենց դրա վրա կօգտագործվի, ամենայն հավանականությամբ:
– Խոսեցիք նոր դիվանագիտական մոտեցման մշակման հնարավորության շուրջ: Ո՞րը կլինի դրա էությունը:
– Ես որոշակի ինֆորմացիա ունեմ, որ կազմակերպում են տարբեր հանդիպումներ, քննարկումներ սիրիական հասարակության տարբեր ֆրագմենտների՝ քրդերի, քրիստոնյաների հետ, տարբեր փորձեր են կատարվում՝ որոշակի կոնսոլիդացում ստեղծելով: Որքանով ինձ հայտնի է, այդ փորձերը որևէ հաջողության չեն հանգեցրել, կարծում եմ, որ հիմա իրենց հիմնական խնդիրը պետք է դառնա իշխանությունների՝ Սիրիայի մեծամասնություն կազմող չափավոր սունիական և ալավիական վերնախավի հետ ուղղակի բանակցությունների ակտիվացումը: Ենթադրում եմ, որ նման փորձեր եղել են, բայց չեմ կարծում, որ ակտիվ կերպով են եղել: Ուստի, իմ կարծիքով, հիմա ժամանակն է ակտիվ և բավականին բաց ձևով դա անել: Գուցե հնարավորություն լինի նաև Իրանի իշխանությունների նոր որակ ձեռք բերելն օգտագործել՝ Իրանի հետ նոր բանակցություններ սկսելու համար, նոր փոխըմբռնման հնարավորություն ստեղծելու համար: Հնարավորությունները շատ են, պետք է տեսնել` ինչպես դրանք կօգտագործվեն:
– Այս երկու տարիների ընթացքում հասունացան խոսակցություններն այն մասին, թե տարածաշրջանում Սիրիան վերջինը չի լինելու, որ պատերազմն ընդլայնվելու է` նոր բևեռներ ներգրավելով: Սակայն արդեն կարծես պայմանավորվածություն կա Իրանի նորընտիր նախագահ Ռուհանիի և Օբամայի հանդիպման մասին՝ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: Սա որքանո՞վ կարող է սիրիական հարցում կանխարգելիչ հանգամանք հանդիսանալ:
– Ես փոքր-ինչ թերահավատորեն եմ վերաբերվում նման հանդիպումներին, որոնք պատշաճ կերպով նախապատրաստված չեն: Հասկանալի է, որ ԱՄՆ-ում Ռոհանիի մասին շատ լավ գիտեն և Ռոհանին ևս պատկերացնում է, թե ինչ բան է ԱՄՆ քաղաքականությունն ու իշխող էլիտան, բայց թե հանդիպման օրակարգն ինչպիսին կլինի և ինչ լրջութկամբ են կողմերը պատրաստ իրական բանակցությունների՝ դժվար է կանխատեսել: Դժվարանում եմ որևէ բան ասել, չեմ կարծում, որ սա կարող է հեղափոխական փոփոխությունների բերի: Չեմ կարծում նաև, որ այստեղ միջուկային զենքի խնդիրն է առաջնայինը: Ռոհանին հենց առաջին իսկ օրվանից ասաց, որ միջուկային զենք ձեռք բերելու ցանկություն չունի, Իրանի հոգևոր առաջնորդը ևս անդրադարձել էր՝ ասելով, որ միջուկային զենքը դեմ է իրենց հոգևոր պատկերացումներին և այլն, և այլն: Ուստի պետք է ենթադրել, որ այնտեղ շատ ավելի կնճռոտ խնդիրներ կան, որոնց օրակարգը որքանով է մշակված, դեռ հայտնի չէ: Շատ դրական եմ համարում, սա չափազանց կարևոր է, և կողմերի լրջությունը կասկածելի չի թվում: Ինչ վերաբերում է Սիրիայի պատերազմի տարածմանն, ապա հավանականությունը մեծ է, որովհետև Սիրիայում իրավիճակի էսկալացիայի մեջ արտաքին գործոնն է առանցքային: Ներքին իրավիճակը չէր ենթադրում ծանր զարգացումներ և քանի որ մասնաբաժինների տերերը շատ են, և նրանց շահերը հակասում են իրար, դա կարող է բերել բախման: Չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ը, Արևմուտքը, ինչ-որ չափովբրիտանկան պառլամենտի շնորհիվ կարողացան այդ ճակատագրական սխալ որոշմանը չհանգել:
– Ներկայում Սիրիայի վերականգնման ռեսուրսը տեսնո՞ւմ եք:
– Դե, եթե խուժանից մաքրվի, ապա՝ միգուցե: Բացի գաղափարական մղումներով ուժերից, շատ ավազակներ են իրավիճակն օգտագործում թալանի, պատանդ վերցնելու համար: Մյուս կողմից՝ պետք է ասել, որ Սիրիան ներքին ռեսուրս շատ քիչ ունի: Խաղաղ պայմանների պարագայում միջազգային օգնություն է անհրաժեշտ: Սովորաբար արաբական հարուստ նավթային պետություններն են օգնության ձեռք մեկնում, բայց ներկայիս պայմաններում դժվար է ենթադրել, որ Սաուդյան Արաբիան եղբայրական ձեռք կմեկնի Սիրիայի ներկայիս իշխանություններին: Բայց իրավիճակը փոփոխական է:
– Թուրքիայի ակտիվ դերակատարությունը Սիրիական խնդրում ի՞նչ միտում ուներ:
– Էրդողանը, որպես սունիական, սուֆիական տարիկաթի ներկայացուցիչ, շատ գաղափարականացված քաղաքականություն է վարում` կարծելով, որ Թուրքիայի տարածաշրջանային դերը բարձրացնելու համար պետք է հենվի իրեն կրոնագաղափարապես ամենամոտ ուժերի վրա, և հասկանալի է, որ Սիրիան, որը հարավից հարևանն է, որը ղեկավարվում է ալավիների կողմից, չի կարող լինել Թուրքիայի ազդեցության գոտի, քանի դեռ ներկայիս իշխանությունները կան: Իսկ Թուրքիայի իշխանությունների միջամտությամբ Սիրիայում իշխանության եկած սունիական թուրքամետ կառավարությունը կարող է կտրուկ բարձրացնել Թուրքիայի տարածաշրջանային նշանակությունը` դարձնելով ավելի ազդեցիկ ամբողջ Միջին Արևելքում, քան Իրանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը: Թուրքիան նաև ներքին հարցեր ունի ալավիների հետ: Թուրքիայում ապրում են ալավիներ, որոնց հատկապես այն մասը, որը բնակվում է սիրիական սահմանների մոտակայքում և արաբալեզու է, գնահատվում է որպես Սիրիայի ազդեցության գործոն: Բայց մի շարք պատճառներով Թուրքիայի` Սիրիայում իշխանափոխություն իրականացնելուն ուղղված քաղաքականությունը ձախողման էր դատապարտված:
– ԵՄ անդամ երկրների տարբեր մոտեցումներն ու դիրքորոշումները Սիրիայի հարցում ինչո՞վ եք բացատրում: Տարօրինակաբար Ֆրանսիան բավականին կոշտ դիրքորոշում ցուցաբերեց Ասադի վարչակարգի դեմ, Գերմանիան` այլ, մի քանի երկրներ՝ այլ: Այս ոչ միասնական դիրքորոշումներն ինչո՞վ են պայմանավորված:
– Գերմանացիների մոտեցումն ամենասթափ մոտեցումն էր: Ֆրանսիացների վերաբերմունքը պայմանավորված էր ավելի վաղ տեղի ունեցած իրադարձություններով՝ Սիրիայում ԲԱԱՍ կուսակցության իշխանության գալով ֆրանսիացիների դերn այս երկրում կտրուկ նվազեց, բացի այդ` Սիրիայի ռազմական ներկայությունը Լիբանանում միշտ խանգարել է ֆրանսիական ավանդական ներկայությանը Լիբանանում, թուլացրել է կաթոլիկ քրիստոնեական համայնքի ազդեցությունը Լիբանանի ներսում, որը եղել է հիմնական բազան ֆրանսիացիների համար: Սա մենք պետք է հաշվի առնենք, քանի որ Ֆրանսիան կենսական շահեր ունի տարածաշրջանում:
– Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ կասեք հայ համայնքի մասին: Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԳ խոսնակն ասել էր, որ սիրիահայերը պետք է պատրաստ լինեն մեծ ներգաղթի: Ի՞նչ ուղիներ եք տեսնում դրա կազմակերպման համար, և արդյոք անհրաժեշտություն չկար սա ավելի վաղ կազմակերպել, միգուցե ԱՄՆ–ում հայ լոբբիստական կազմակերպությունների շնորհիվ պետք էր կապ հաստատել Սիրիայի ընդդիմադիրների հետ, որպեսզի հայ համայնքի տարհանումն ավելի հեշտ իրականացվեր և այլն: Ունի՞ Հայաստանը ներուժ ընդունելու:
– Եթե մեր հայրենակիցները ծայրահեղ ծանր վիճակում են և զոհեր են կրում, ապա ունենք թե չունենք, պետք է ընդունենք: Թե ինչ հնարավորություններ կան ներգաղթը կազմակերպելու համար դժվարանում եմ ասել: Շատերը չեն ցանկանում դուրս գալ, ընկալում են Սիրիան որպես իրենց հայրենիք, չեն ցանկանում թողնել-հեռանալ:
– Որքանո՞վ է հեռանկարային Սիրիայի հայ համայնքի ղեկավարների քաղաքականությունը՝ համայնքից չհեռանալու հորդորը: Համայնքը լքողներին հաճախ դավաճան են անվանում:
– Դա համայնքը պահելուն է ուղղված: Հարցն այն է, որ եթե կա կազմակերպված մարդկանց հոծ զանգված, ապա այս հանգամանքի հետ հաշվի են նստում բոլոր կողմերը: Եթե լավ կազմակերպված է, ուժ է, ապա խոցելի չէ: Կա Լիբանանի օրինակը՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ լավ կազմակերպված էր համայնքը, որի շնորհիվ էլ քիչ կորուստներ տվեց: Սա ճիշտ դիրքորոշում էր, այլ հարց է` ինչպես է դա արվում:










































