ԱՄՆ անկախության տոնի առիթով այցելելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն ու միաժամանակ նշելով նաև հայ-ամերիկյան դիվանագիտական, ասել է թե՝ միջպետական հարաբերության 25-ամյակը՝ Սերժ Սարգսյանն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ ծիրանենի է տնկել՝ ի նշան այդ հարաբերության ու բարեկամության, նաև խոսել երկկողմ բարձր մակարդակի երկխոսության մասին:

Ծիրանը, հատկապես այս սեզոնին, խիստ խորհրդանշական է հայ-ամերիկյան հարաբերության քառորդ դարի համար: Բանն այն է, որ ներկայումս Հայաստանում հանրային օրակարգի հարց է ծիրանի առատ բերքի իրացումը: Բերքն առատ է, իսկ իրացումը՝ խնդրահարույց: Ավելին՝ կան խոսակցություններ, որ այստեղ ի հայտ են եկել արհեստական խոչընդոտներ՝ ծիրանը ռուսական շուկա արտահանելու և իրացնելու խնդրում: Այսինքն՝ առատ բերքը դարձել է խնդիր:
Ի՞նչ կապ ունի այդ ամենը հայ-ամերիկյան հարաբերության հետ, ի՞նչ է դա խորհրդանշում: Բանն այն է, որ հայ-ամերիկյան հարաբերությունն էլ ունի իրացվելու խնդիր, այսինքն՝ ակնհայտ է առատ բերքը, բերքի առատությունը, մեծ ներուժի առկայությունը, սակայն հարաբերությունն ինքնին չիրացված կամ իրացման կարիք ունեցող ծիրան է:

Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին օժանդակել է տարբեր ոլորտներում, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ չի եղել ոլորտ, որտեղ չի ցուցաբերվել օժանդակություն: Ընդ որում, այդ օժանդակությունը կրել է ոչ միայն իրավիճակային բնույթ, այլև միտված է եղել ինստիտուցիոնալ զարգացման՝ տարբեր ոլորտներում: Ընդհանուր առմամբ անկախ Հայաստանը միայն իբրև անհատույց օժանդակություն ստացել է 2 միլիարդ դոլարից ավելի օգնություն: Դրան զուգահեռ՝ եղել են նաև տարբեր այլ նախաձեռնություններ՝ օժանդակության տարբեր հեռանկարներով: Այդ ամենն անկասկած կազմել է մեծ քաղաքականության մի բաղադրիչ, որտեղ առանցքայինն անկասկած եղել է Հայաստանի անվտանգության հարցում ԱՄՆ դերակատարումը:
Այստեղ ընդունված է այն կարծրատիպը, թե Հայաստանի անվտանգության «միակ դաշնակիցը» Ռուսաստանն է: Պարզապես ԱՄՆ ազդեցությունն ու նշանակությունն այդ հարցում դրսևորվել են ոչ առերևույթ, պարզապես Կովկասում ԱՄՆ ներկայության ռազմավարությամբ, որը հավասարակշռել ու հակակշռել է իրավիճակը և դրա շնորհիվ ապահովել համեմատական կայունություն և զսպել ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ գործարքը, որի թիրախը եղել է Հայաստանի շահերի հաշվին տարածաշրջանի նոր վերաբաժանումը կամ ստատուս քվոյի վերականգնումը, որը հայկական կողմը «խախտել» է Ղարաբաղյան շարժման ու պատերազմի հաղթանակով:
Այդ ամենը, սակայն, Հայաստանի հանրային գիտակցության ու կարծիքի մեջ չունի հաստատուն արձանագրում, քանի որ «ծիրանն» իրացված չէ՝ հայ-ամերիկյան հարաբերության ներուժը հանգամանալից և հանրամատչելի բացված չէ, դրա քաղաքական, տնտեսական, նաև քաղաքակրթական, հանրային, մշակութային բաղադրությունը համարժեք և ամբողջական վերլուծությամբ հանրությանը մատուցված չէ՝ բացառությամբ եզակի թվով հարթակների, որոնք, սակայն, բավարար չեն եղել հանրային ամբողջական պատկերի վրա շոշափելի ազդեցության համար:

Իսկ մնացյալ հարթակներում ամեն ինչ փորձ է արվել բերել ընդամենը ուժային կենտրոնների պարզունակ պայքարի, ազդեցության ոլորտների վերաբաշխման խնդրի՝ այդպիսով փորձելով դնել հավասարության նշան՝ Արևմուտք, թե Ռուսաստան, հանրությանը փորձելով ներշնչել այն, որ այստեղ ընդամենը հավասարապես պայքար է Հայաստանի վրա իշխելու համար, և չկա առանձնապես որևէ տարբերություն, թե ով է իշխելու: Այն դեպքում, երբ խնդիրը ամենևին իշխելու համար պայքարի դաշտում չէ, այլ ընտրություն՝ Հայաստանի հետ գործակցելու, պայմանավորվածությունների միասնական համակարգ ձևավորելու, խաղի միասնական կանոններով ապրելու և զարգանալու հեռանկարի ու մեծապետական բարդույթների միջև:
Երբ այդ երկու տարբեր երևույթները դրվում են հավասարության նշանի ներքո, ապա այն միարժեքորեն աշխատում է երկրորդի՝ մեծապետական բարդույթների օգտին, որոնք զուտ հավասար մրցակցության, կենսունակության ու գրավչության առումով բացարձակապես զիջում են առաջին տարբերակին:
Իրերի այդ դրության պայմաններում Սերժ Սարգսյանի այցը դեսպանատուն դառնում է միանգամայն հարաբերական: Եվ ոչ այն իմաստով, որ դա կարող է լինել նրա վերջին այցը որպես պետության բարձրագույն պաշտոնյա: Խնդիրը դա չէ, այլ այն, թե ընդհանրապես պետական քաղաքականությունն ինքնին որքանով է միտված «իրացնելու» հայ-ամերիկյան բերքի ներուժը:

Այդ կապակցությամբ վերջին շրջանում բավական նշանային էր 8 միլիարդ դոլարի մասին ԱՄՆ դեսպան Միլսի հայտնի, աղմուկ հանած հայտարարությունը: Դրանից հետո, իհարկե, Հայաստանն ու ԱՄՆ-ը պետք է դնեին որևէ նորագույն ձեռնարկության հիմքի առաջին քարը, բայց տնկում են ընդամենը ծիրանի ծառ:
Սա ինքնին խոսուն փաստ է, որը վկայում է իրական քաղաքականության ռեժիմում Հայաստանի իշխանության օգտակար գործողության գործակցի խիստ ցածր լինելու մասին: Իսկ դա այն պարագայում, երբ առջևում Հայաստանի իշխանության 2018-ի խնդիրն է, և դատելով դրան ընդառաջ ներիշխանական ներկայիս զարգացումներից և այդ զարգացումների որևէ ելքի հավանականությունից՝ դրանց ընդհանուր տրամաբանությունը հուշում է, որ հանգուցալուծումը առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ առումով չի նշմարում իշխանության իրական քաղաքականության ՕԳԳ շոշափելի աճ թե՛ հայ-ամերիկյան, թե՛ որևէ այլ ներուժի զարգացման ուղղությամբ:
Եվ այդ իմաստով, որքան էլ տարօրինակ լինի, հայ-ամերիկյան ներուժի մասով շատ ավելի էական է լինելու գուցե ոչ թե հուլիսի 4-ին Երևանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած Սարգսյան-Միլս, որքան հուլիսի 7-ին Համբուրգում տեղի ունենալիք Թրամփ-Պուտին հանդիպումը, որի օրակարգում թեև չկա Հայաստանի հարց:










































