«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
-Պարոն Բոստանջյան, կառավարության ծրագրին «Ծառուկյան» խմբակցությունը դեմ քվեարկեց: Ինքներդ նշում եք, որ էլ ձախողելու բան չկա, որ ձախողենք՝ ներդրումներ կան, որ քաղաքացու կյանքը չի բարելավել: Այս ամենը կարո՞ղ է արդյոք Հայաստանում թավշյա հեղափոխության նախադրյալ ստեղծի:
-Այո, կարող են լինել մտահոգություններ, անհանգստություններ և դրա բարձրաձայնումներ, բայց, ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ մենք հեղափոխության սիրահար չենք: Բացի այդ, հեղափոխությունները ցույց են տվել, որ նորանոր փլուզումների են հանգեցրել, արժեքների կորստի են հանգեցրել: Դրա համար ես հեղափոխության կոչ չեմ անի: Իսկ հանդարտությունը, շրջահայացությունը, լրջախոհությունը տվյալ պարագայում, այն էլ ոչ մեծ երկրի համար, ամենակարևոր բաներն են: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեր կառավարությունը չհասցրեց մեկը, մյուսը և այլն, ես դժվարությամբ, բայց ուզում եմ հասկանալ, որ գուցե մեծ երկիր չենք, սրատեգիական ռեսուրսներ չունենք, հարևանության առումով չենք գտնվում բարենպաստ աշխարհագրական վայրում՝ չնայած մենք սիրում ենք մեր երկիրը: Եվ այս բոլորից ելնելով՝ տարածաշրջանի անհանգստությունը և շուկայի փոքրությունը կարող են և՛ ներդրումների, և՛ գործունեություն ծավալելու համար ունենալ բացասական նշանակություն: Նման իրավիճակը ողբերգություն դարձնելը, առաջին հերթին, մեզ համար է վատ լինելու:
-Արդյոք այս ութ ամիսներին չհաջողվեց կառավարությանը, առաջիկա յոթ ամսիներին հնարավո՞ր է հաջողի: Թե՞ այս ձախողումները 2018-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հիմք կհանդիսանան:
-Իսկ ես ուզում եմ, որ հաջողվի: Անկախ նրանից վարչապետի փոփոխությունը հրամայական դառնա կամ չդառնա, ես ուզում եմ, որ մեզ մոտ ստացվի:
-2018-ին եթե վարչապետի փոփոխություն լինի, սա կարո՞ղ է արդյոք «Ծառուկյան» դաշինքի համար իշխանության հետ կոալիցիա կազմելու հիմք հանդիսանա:
-Ոչ մի բան բացառված չէ, ամեն ինչ հնարավոր է, դրա հավանականությունը զրո չէ: Դա պայմանավորված է մեկ բանով՝ ցանկացած կոալիցիա խոշոր առումով մեկ նպատակ է հետապնդում: Քաղաքական առումով կոալիցիան կոլեգիալությունն է, բացի մեկ կուսակցությունից՝ մի քանի քաղաքական ուժեր պատասխանատվություն են վերցնում, որ եթե հաջողության համար դա տեղի ունենա, ի՞նչ վատ բան կա, չնայած այս պահի դրությամբ ես դեռևս ոչինչ չեմ կարող ասել:
-Այսօրվա թերությունների, ձախողումների համար օրվա իշխանություններն են մեղավոր: Կոալիցիա կազմելով դուք պատրա՞ստ եք մտնել նման բեռի տակ:
-Ես պատրաստ եմ, ես գնդակահարվելու էլ եմ պատրաստ հանուն մեր երկրի: Ես ձևական բառեր չեմ կիրառում:
-Այս իշխանությունը տասը տարի ղեկին է, եթե կամք լիներ, չէր անի՞, նորից նույն գե՞տն եք մտնում:
-Դրա համար եմ ասում՝ հավանականություն կա, բայց կլինի այդպես, թե ոչ, ժամանակը ցույց կտա:
-2018-ից հետո Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին եք տեսնում վարչապետ:
-Ես Սերժ Սարգսյանին ուժեղ լիդեր եմ տեսնում:
-Խորհրդարանական համակարգում հնարավո՞ր է արդյոք:
-Լավ էլի: Արի մի կողմ դնենք ընդհանրապես ո՛չ խորհրդարանական, ոչ պրեզիդենտական համակարգը… այսօրվա դրությամբ՝ կա լիդեր, չկա լիդեր: Վերջ, իսկ համակարգը ինչ ձև ուզես, կարող ես դարձնել:
-Այսինքն՝ 2018-ից հետո լիդեր ունենալո՞ւ է Հայաստանը:
-Միայն Հայաստանը չէ, ցանկացած երկրում այդ լիդերը կա, և հենց այդ լիդերը չեղավ երկրում, երկիրը երկիր չէ:
-Այսինքն՝ 2018-ին մենք ձևականորեն կանցնե՞նք խորհդարանական համակարգի, իսկ իրականում երկիրը կղեկավարի լիդե՞րը:
–Այնպիսի բան ասացիք, որ ես էլ եմ ուզում ձեզ նման ասեմ:









































