Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզում 43-ամյա հայը ավտոմեքենայով փորձել է մխրճվել մզկիթի մերձակայքում հավաքված բազմության մեջ։ Միջադեպը տեղի էհունիսի 29-ին, Փարիզի Կրետեյ արվարձանում։
Ինչպես հաղորդվում է, մզկիթի շուրջ զոհեր չեն գրանցվել շնորհիվ ցանկապատի։ Վարորդն անհետացել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Նա ասել է, որ ցանկացել է վրեժխնդիր լինել Փարիզում իսլամական գրոհայինների վերջին հարձակումների համար։
Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ հարցաքննությունից հայտնի է դարձել, որ նա տառապում է հոգեկան խանգարմմամբ՝ մտագարությամբ, 2006-ին և 2007-ին էլ հոգեբուժարան է փոխադրված եղել: Նա բավական խառը արտահայտություններով իր արարքը բացատրել է Ֆրանսիայում գործված ոճրափորձերին դիմադարձելու մտադրությամբ:
Ոստիկանատունը 24 ժամ նրան պահելուց հետո փոխադրել է հիվանդանոց:
Հոգեկան խանգարման այս բացատրությունը խոր դժգոհություն է պատճառել մահմեդական համայնքին, որի պատասխանատուների խոսքով՝ ոստիկանության այդ պարզաբանումը անընդունելի է, թե կատարվածը ոճրագործության լուրջ փորձ էր, և թե ծանր աղետին մազ էր մնացել, հետևաբար ենթակա պետք է լինի պատժի այդ հանցանքի համար:
Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, թե ապշանքով է տեղեկացել արարքի մասին, որը որակել է որպես «ծանրակշիռ հարձակում»:
CCAF-ը դատապարտում է այն, ինչպես բրտության և ատելության բոլոր արարքները, հատկապես, երբ դրանք հիմնված են կրոնական անհանդուրժողության, ցեղապաշտության և այլատյացության վրա: CCAF-ը իր ուրախությունն է հայտնում, որ տուժածներ չկան՝ հույս հայտնելով, որ արդարարադատությունը պատշաճ կլուսաբանի հարցը, և բոլոր թյուրիմացությունները կփարատվեն:















































