«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը։
– Պարոն Վարդանյան, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը թավշյա հեղափոխություն իրականացնելու կոչեր է հնչեցնում: Հայաստանում ինչքա՞ն ներուժ կա զուտ ներքին ուժերով թավշյա հեղափոխություն անելու։ Կա՞ այդպիսի քաղաքական ներուժ առհասարակ:
– Քանի որ այս թեման ակտուալ է դարձել, արժե նաև պարզաբանել, թե ինչ է թավշյա հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունը վերաբերում է 1989-ին Չեխոսլովակիայում ռեժիմի փոփոխության փափուկ գործընթացներին, երբ ժողովրդի ուժգին, խաղաղ անհնազանդության, խաղաղ ցույցերի և բողոքի տարբեր գործողությունների արդյունքում երկրի՝ այդ ժամանակվա իշխանությունները հրաժարական տվեցին և բանակցությունների մեջ մտան բողոքող հանրության հետ, և ռեժիմի փոփոխության օրակարգ դրվեց: Եվ այս տերմինը հետագայում դարձավ որպես խաղաղ, առանց զենքի, լայն զանգվածների մոբիլիզացիաների արդյունքում ռեժիմի փոփոխության բնութագրիչ: Նախ՝ այդ հեղափոխության համար անհրաժեշտ են որոշակի նախադրյալներ, և այդ նախադրյալներն են տարբեր տեսակի քաղաքական և քաղաքացիական խմբերի համագործակցությունը հանուն մեկ նպատակի: Բնականաբար, այստեղ պետք է լինեն որոշակի պայմաններ, որոնք կհանգեցնեն այդպիսի համագործակցության: Այդ պայմաններից կարող ենք դիտարկել հետևյալ կետերը. օրինակ՝ անհրաժեշտ է, որ գործեն տարբեր տեսակի քաղաքացիական և քաղաքական խմբեր, որոնք ունեն ժողովրդավարական օրակարգ, որոնք փորձում են պաշտպանել մարդու իրավունքները, փորձում են բարձրացնել երկրում քաղաքացիական գիտակցության մակարդակը հանրության լայն շրջանակի մոտ: Ահա այդպիսի լայն քաղաքացիական խմբերի գոյությունը պարտադիր նախապայմաններից մեկն է: Առանց դրա հնարավոր չէ, որ որևէ մոբիլիզացիա տեղի ունենա: Եվ այդպիսի քաղաքացիական խմբերը համագործակցում են, ձևավորում միասնական օրակարգ, մի կողմ են դնում տարաձայնությունները և կենտրոնանում են կոնկրետ մեկ խնդրի շուրջ. միայն այդ դեպքում է հնարավոր լինում լայն մոբիլիզացիա: Բայց սա պայմաններից ընդամենը մեկն է:
Երկրորդ կարևոր պայմանը իշխանությունների լեգիտիմության ճգնաժամն է: Այսինքն՝ երբ հանրության լայն զանգվածներ ուղղակիորեն չեն վստահում իշխանություններին և իրենց որպես հեղինակություն չեն դիտարկում, չեն ընդունում նրանց կողմից թելադրվող խաղի կանոնները: Ի դեպ, դա կարող է սկզբնական շրջանում չերևալ: Կոնկրետ Չեխոսլովակիայում մինչև շատ լուրջ բողոքի ակցիաների կազմակերպումը հանրությունը ցույց չէր տալիս, որ չի վստահում իշխանություններին: Արտաքուստ ամեն ինչ հանգիստ էր, և թվում էր, թե այդպիսի մոբիլիզացիա, որը կհանգեցնի ռեժիմի փոփոխությանը, չի կարող տեղի ունենալ: Բայց պարզվեց, որ կար թաքնված դժգոհություն իշխանությունների նկատմամբ:
Եվ երրորդ՝ այստեղ մեծ դեր է խաղում արտաքին գործոնը: Այստեղ կոնկրետ Արևելյան Եվրոպայի և կոնկրետ Չեխոսլովակիայի հետ կապված եթե մենք փորձենք նշել, թե որն էր արտաքին գործոնը, ապա պետք է ասենք, որ ԽՍՀՄ-ի արտաքին քաղաքականության ասպարեզում դոկտրինի փոփոխությունն էր: Խոսքը գնում էր բրեժնևյան դոկտրինի հեռացման և նոր՝ գորբաչովյան դոկտրինի ներդրման մասին: Իմաստն այն է, որ Խորհրդային Միությունը հրաժարվում է միջամտել դաշնակից պետությունների ներքին գործերին: Եվ եթե ընդհանրացնենք, ապա արտաքին գործոնը իր մեջ պարունակում է հետևյալ բաղադրիչը. թավշյա հեղափոխությանը նպաստող գործոններից մեկն այն է, որ կոնկրետ պետության հզոր դաշնակիցը փոխում է վերաբերմունքը այդ կոնկրետ պետության նկատմամբ և հրաժարվում է միջամտել նրա ներքին գործերին, և սա նշանակում է, որ այդ աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնը, որից կախված է այդ պետությունը, որտեղ պետք է այդ ենթադրյալ հեղափոխությունը տեղի ունենա, այլևս չի աջակցում իշխանություններին ընդդիմությանը ճնշելու գործում:
– Հնարավո՞ր է՝ այդ աշխարհաքաղաքական կենտրոնը ինքը փորձի միջամտել Հայաստանում այդ փոփոխությունն իրականացնելու: Ընդդիմության ուղերձները հենց ուղղված են Կարեն Կարապետյանին: Եվ արդյոք կարո՞ղ ենք արձանագրել թավշա հեղափոխություն, եթե Սարգսյանին Կարապետյանով ենք փոխում:
– Սա, իհարկե, թավշյա հեղափոխություն չէ, սա, իհարկե, այլ բան է: Նայած թե ինչպես է իրականացվում. եթե առանց բռնի ուժի, ապա տեղի կունենա փափուկ պալատական հեղաշրջում: Սա բավականին հեռու է թավշյա հեղափոխության գաղափարից: Թավշյա հեղափոխության համար անհրաժեշտ է լայն մոբիլիզացիա: Բողոքող փոքր խմբերը բավարար չեն, պետք է ժողովրդի լայն զանգվածներ պերմանենտ բողոքի ակցիաներ իրականացնեն և ռեժիմի փոփոխության և ժողովրդավարության հարց բարձրացնեն: Այսինքն՝ ռեժիմի փոփոխությունն ինքնանպատակ չէ: Ռեժիմի փոփոխությանը պետք է հաջորդի ժողովրդավարական ինստիտուտների ներդրումը: Թավշա հեղափոխության հիմնական նպատակն է ազատվել ավտորիտար վարչակարգից և հիմնել դեմոկրատական քաղաքական համակարգ: Երկրորդ պայմանն է՝ բողոքի գործողությունները, լայն մոբիլիզացիան պետք է տեղի ունենա առանց զենքի, առանց բռնի ուժի գործադրման: Այստեղ մեծ դեր ունի ճնշման տարբեր գործիքների կիրառումը, բայց դրանք բռնի ուժ չպետք է ներառեն իրենց մեջ: Եվ արդյունքում աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնը փոխում է իր վերաբերմունքը իր դաշնակցի նկատմամբ՝ այն առումով, որ չի ներգրավվում գործընթացներին, չի խանգարում ժողովրդի բողոքին: Եվ սա է կարևորը:
– Կան թավշյա հեղափոխության ուկրաինական, վրացական փորձեր: Մենք պատրա՞ստ ենք վճարել այդ գինը:
– Ուկրաինայի և Վրաստանի դեպքերը վիճելի են՝ արդյոք նրանք տեղավորվո՞ւմ են թավշա հեղափոխության կոնցեպտի մեջ: Այսօր գիտական ասպարեզում բավականին լուրջ բանավեճ գոյություն ունի: Շատերը նշում են, որ դրանք, այնուամենայնիվ, թավշյա հեղափոխություն չեն, որովհետև որոշակիորեն արհեստականության էլեմենտ կա դրանց մեջ, և աշխարհաքաղաքական գործոնը շատ ավելի մեծ է, քան բնական ներքին մոբիլիզացիայի գործոնը: Բայց կա նաև տեսակետ, որ ամբողջությամբ մտնում է այդ կոնցեպցիայի մեջ, քանի որ կա լայն զանգվածային ճնշում իշխանությունների նկատմամբ, և հռչակված նպատակն այն է, որ պետք է հաստատել ժողովրդավարական կարգեր: Եվ եթե փորձենք դուրս գալ այդ բանավեճից, ընդամենը կարող ենք նշել հետևյալը. ուկրաինական, վրացական գործընթացները ընդունված է անվանել գունավոր հեղափոխություններ: Դրանք, բացի դրական հետևանքներից, ունեցել են նաև բացասական հետևանքներ, քանի որ բավարար չափով լայն մոբիլիզացիա տեղի չի ունեցել, և խորը կոնֆլիկտը հանրության շրջանում պահպանվել է: Այսինքն՝ հանրությունն իրականում բաժանված է եղել տարբեր հատվածների միջև, և ամեն մի հատված փորձել է գտնել աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոն, որը կպաշտպանի իր շահերը: Եվ փաստացի տեղի է ունեցել այն, որ աշխարհաքաղաքական կենտրոնները բախվել են մեկը մյուսին կոնկրետ այդ դաշտում, և այդ բախումը իր բացասական հետևանքներն է ունեցել և ազդել է այդ երկրների ներքին քաղաքականության, անվտանգության և երկրի զարգացման վրա: Կրկնում եմ՝ այստեղ բավականին դրական էլեմենտներ կարող ենք նշել. հենց այն հանգամանքը, որ կարծրացած էլիտան փոխվել է, հանրությունը ժամանակ առ ժամանակ պետք է էլիտային մարտահրվեր նետի և կարողանա փոխել այն վերնախավը, որը հանրության լայն խմբերի մեջ վստահություն չի ներշնչում: Սա պետք է անպայման հաշվի առնել, և որքան բնական լինի այդ գործընթացը, այնքան բացասական հետևանքները քիչ կլինեն, նվազագույնի կհասցվեն: Իսկ եթե արհեստական է, ապա կարող է լուրջ խնդիրներ լինեն:
– Վերջին օրերին առավել բացահայտ դարձավ, որ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերին մեկ բան է հետաքրքրում՝ որևէ կերպ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Այս օրակարգի շուրջ հնարավո՞ր է լինի համախմբում:
– Չի բացառվում, որ այդ հարցը կարող է համախմբող կետ դառնալ, բայց սա բավարար չէ, և իրական թավշյա հեղափոխություն անելու համար հարկավոր կլինի ստեղծել շատ ավելի լայն օրակարգ, որտեղ հստակ ժողովրդավարական դրույթների ամրապնդման կետեր լինեն: Եվ զուտ այն օրակարգը՝ որևէ կերպ թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ, բավարար չէ թավշյա հեղափոխություն իրականացնելու համար, քանի որ պարզ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ երաշխիք կա, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չդառնալու պարագայում կփոխվեն խաղի կանոնները, կփոխվի փափուկ ավտորիտար քաղաքական ռեժիմի բնույթը: Այդ դեպքում ի՞նչ կլինի իշխող ՀՀԿ-ի հետ: Սա տարիներ շարունակ եղել է ավտորիտար համակարգի հիմքում: Ինչպես է տեղի ունենալու դեպի ժողովրդավարական ուժի տրանսֆորմացիան: Ավելին՝ չի բացառվում նաև ավտորիտար համակարգի խստացում տեղի ունենա:
Հայաստանում թավշյա հեղափոխություն իրականացնելու որոշակի էլեմենտներ կան, որոնց զարգացման արդյունքում հնարավոր է դա: Պետք չէ Հայաստանում բացառել իրական թավշյա հեղափոխության իրականացումը, բայց այսօրվա գործընթացների մեջ կան այնպիսի էլեմենտներ, որոնք որևէ կապ չունեն թավշա հեղափոխության նախադրյալների զարգացման հետ:








































