Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը չի կարողանում նրա վիճակի մասին տեղեկություններ ստանալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրա որդին` Նորայրը, նշեց, որ դեռևս որևէ տեղեկություն չունեն, իրենք սպասում են, կարծում են` վաղն ինչ-որ նորություն կիմանան: Նա հայտնեց նաև, որ ազատամարտիկի փաստաբանը` Արա Զաքարյանը (ով, ի դեպ, ամբողջ օրն անհասանելի էր), պիտի վաղը` սեպտեմբերի 24-ին այցելի Ավետիսյանին:
Ազատամարտիկները երեք օր շարունակ նստացույց են անում` ի պաշտպանություն իրենց ընկերոջ, պատրաստվում են վաղը ևս դուրս գալ իրենց հավաքատեղի` Հանրապետության հրապարակ: «Նրան տնից տարել են, թե ուր` տեղյակ չի եղել ընտանիքի անդամներից ոչ մեկը: Տարել են առանց զգուշացնելու, առանց որևէ հիմնավորման. կանչել-ասել են` արի, բան կա խոսելու, դրանից հետո ընտանիքի անդամները մի ամբողջ օր տեղյակ չեն եղել` որտեղ է իրենց ընտանիքի ղեկավարը»,- ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:
Սեպտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է երկու ամսով: ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցուցաբերելու պատրվակով Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար:
Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորդհրդական Երանուհի Թումանյանցը և Արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը սեպտեմբերի 20-ին այցելել են ձերբակալվածների պահման վայրում գտնվող Վոլոդյա Ավետիսյանին: Վերջինս որևէ բողոք չի ներկայացրել, նշել է, որ ձերբակալումը կապ չունի վերջին շրջանում ծավալած իր հասարակական ակտիվ գործունեության հետ և հավաստիացրել, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ձերբակալման արձանագրությանը, մնացած փաստաթղթերին՝ փաստելով դրանց իրավաչափությունը: Միաժամանակ Վ. Ավետիսյանին պարզաբանել են իր իրավունքները և առաջարկել են անհրաժեշտության դեպքում դիմել Պաշտպանի աշխատակազմ:









































