Անցած շաբաթ Ազգային ժողովում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումներն առիթ դարձան, որ քաղաքական դաշտն ու մամուլը նորից քննարկման առարկա դարձնի Հայաստանի պետական պարտքը: Այն 2016թ. տվյալներով կազմում է 5․9 մլրդ դոլար, որն էլ իր հերթին կազմում է մեր Համախառն ներքին արդյունքի մոտ 60 տոկոսը: Եվ դա այն թիվն է, որը մեր օրենսդրությամբ սահմանված վերջնագիծն է: ՀՀ պետական պարտքի մասին օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ «կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը»: Անցած տարեվերջին տարեսկզբի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 52․3 տոկոսը:
Այս դեպքում պետք է չշփոթել պետական պարտք և կառավարության պարտք հասկացողությունները: Պետական պարտքն արդեն իսկ ՀՆԱ-ի 60 տոկոսն է: Բայց որպեսզի հետագայում նույնպես կարողանան պարտք վերցնել ու օրենքի սահմանած այս շեմը չխախտել, 2015թ. ԱԺ-ն կառավարության առաջարկությամբ փոփոխություն կատարեց Պետական պարտքի մասին օրենքում և տարանջատեց կառավարության ու Կենտրոնական բանկի պարտքերը: Եվ մեր պետական պարտքի կառուցվածքում հիմա մոտ կես մլրդ դոլարը վերագրվում է ԿԲ-ին: Այդպիսով, կառավարության պարտքը դեռ 60 տոկոսին չի հասել, ու ՀՀ իշխանությունները կարող են միջազգային կառույցներից նորանոր վարկեր խնդրել:
Մինչդեռ 2017թ. հունվար ամսից սկսած միջազգային տարբեր դոնոր կազմակերպություններ տարբեր վարկեր են հաստատել Հայաստանին տրամադրելու համար: Եվ այսպես՝ հենց հունվարի 13-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարեց, որ Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետը վերազինելու համար հարևան երկու երկրներին՝ Հայաստանին ու Վրաստանին 6 մլն եվրո վարկ է տրամադրելու: Մոտ երկու շաբաթ անց՝ փետրվարի 1-ին գերմանական KFW բանկը հայտարարեց, որ մեր երկրին պետք է 20 մլն եվրո սպառողական վարկ տա, որն ուղղվելու է ՀՀ բնակիչների՝ էներգաարդյունավետ ծրագրերը ֆինանսավորելու համար:
Իսկ ընդամենը օրեր անց՝ փետրվարի 7-ին էլ «Միջազգային ֆինանսական կորպորացիան» 140 մլն դոլարի վարկ տրամադրեց «Որոտան ՀԷԿ-երի համալիրը» վերանորոգելու, վերազինելու և հզորություններն ավելացնելու նպատակով: Մարտի 1-ին Ասիական զարգացման բանկի կողմից հաստատված 50 մլն դոլար վարկն էլ կուղղվի դեպի Վրաստանին սահմանակից 51․1 կիլոմետրանոց մայրուղային հատվածը վերանորոգելուն: Այս ծրագրի համար ավելի քան 56 մլն դոլար վարկ էլ պետք է տրամադրի Եվրոպական ներդրումային բանկն ու այսպես շարունակ: Այսինքն՝ ակնհայտ է, որ մեր պետական պարտքն արագ տեմպերով ավելանում է: Եվ 2015թ. կատարված օրենսդրական խորամանկությունն առաջիկայում ՀՀ կառավարությանը չի փրկի խուսափել գրանցելու ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոս պարտք:
Այնպես որ, կառավարությունը ստիպված է առաջիկայում, եթե ոչ աշնանը, ապա 2018թ. անպայման ՀՀ պետական պարտքի մասին օրենքում նոր փոփոխություններ կատարելու մասին նախագիծ ներկայացնել խորհրդարան և այս անգամ էլ առաջարկել պարտքի շեմը բարձրացնել ՀՆԱ-ի, ասենք, 70 տոկոսը: Չէ որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարում է, թե Հայաստանի համար ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսը պարտքը ցածր շեմ է, և մենք անգամ միջին շեմին չենք հասել: Դրան հավանաբար կհասնենք շուտով: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ օրենքում փոփոխություն կկատարվի, ու պարտքի շեմը կփոխվի: «Տեսնենք, հիմա դրանք քննարկումների ընթացքի մեջ են: Տեսնենք: Բյուջետային քննարկումների ժամանակ մենք պարտքի մասին խոսել ենք»,- ասաց նա:
Իսկ հնարավո՞ր է, որ հենց աշնանային նստաշրջանում նման նախաձեռնություն արվի: «Ես ինչ իմանամ, այնքան բան չի բացառվում: Ես այսօր նման տեսակետ չեմ կարող արտահայտել: Չգիտեմ»,- կտտրուկ հավելեց նա:
Իհարկե, կա նաև այլընտրանքային ելք՝ դա մեծ արագությամբ ոչ թե պարտքը, այլ՝ ՀՆԱ-ն ավելացնել: Իսկապես բարեփոխումներ կատարել տնտեսական համակարգում, գործարարների ու ներդրողների համար իրապես հավասար խաղի կանոններ սահմանել, ազատականացնել լայն սպառման ապրանքների ներկրման ու իրացման շուկաները, դադարեցնել հարկային ու մաքսային տարբերակված մոտեցումները, վերականգնել արդարադատությունը բոլոր ոլորտների համար ու ընդհանրապես վերացնել ազատ բիզնեսի կայացմանը խանգարող բոլոր խնդիրները: Այս դեպքում, իհարկե, Հայաստանի տնտեսությունը կսկսի զարգանալ և ՀՆԱ-ն էլ կավելանա: Այս դեպքում մեր հարկային եկամուտներն այնքան կավելանան, որ գուցե պարտք վերցնելու անհրաժեշտություն և ՀՆԱ-ի մեջ պարտքի շեմը բարձրացնելու անհրաժեշտություն չառաջանա:
Բայց սա հարցի մի կողմն է ընդամենը: Միջազգային կառույցներից վարկեր վերցնելու և պետական պարտքն ավելացնելու հարցում մի շատ կարևոր խնդիր էլ կա: Արդյո՞ք դրանք ծառայել են իրենց նպատակին և արդյունավետ են օգտագործվել: Ինչպես հայտնի է, 2009 թվականից մեր պետական պարտքն ավելացել է երկու անգամ՝ 3․1 մլրդ դոլարից հասնելով 6 մլրդի: Մինչդեռ ՀՆԱ-ն այդ ընթացքում ավելացել է ընդամենը 20 տոկոսով, դեռ մի բան էլ պակաս: 2016թ. ՀՀ ՀՆԱ-ն կազմել է ընդամենը 10,3 մլրդ դոլար: Այսինքն՝ մեր պետական պարտքը ՀՆԱ-ից 5 անգամ արագ է աճում: Ավելին, վերջին տարիներին դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ն անգամ նվազել է, եթե 2013-2014թթ. այն 11․2 մլրդ դոլար էր, ապա 2015-ին 10․5, իսկ 2016-ին՝ 10․3 մլրդ դոլար: Այդ ընթացքում պետական պարտքը 4․3 մլրդ դոլարից հասել է 6 միլիարդի: Ահա թե ինչպիսի արդյունավետությամբ են օգտագործվել պարտք արված միլիարդավոր դոլարները:
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի









































