«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
– Պարոն Խաչատրյան, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2016թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ անցած տարի ցածր՝ ընդամենը 0․2 տոկոս տնտեսական աճի պատճառը գյուղատնտեսության, շինարարության ոլորտներն էին, և որ ամենակարևորը՝ ներդրումների ցածր մակարդակը: Այս տարի նույնպես այդ ոլորտներն առանձնապես մեծ աշխուժություն չեն դրսևորում, իսկ ներդրումների դեպքում առաջին եռամսյակի տվյալներով՝ անգամ անկում կա: Այդպիսով կարո՞ղ ենք եզրակացնել, որ տարեվերջին անցած տարվա նման նորից ցածր տնտեսական աճ կունենանք:
– Իշխանությունները ներկայացնում են, որ ներդրումների տեմպը լավ է, բայց, այո, առաջին եռամսյակի տվյալներով՝ վատ է: Զուտ ներդրումների դեպքում անգամ մինուս է գրանցվել: Բայց էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանն ասում է, թե այս տարվա համար իրենց խոստացած 830 մլն դոլարի ներդրումների 40 տոկոսն արդեն արել են: Բայց այդ 40 տոկոսն առաջին եռամսյակի փաստացի ցուցանիշներով չի երևում: Եռամսյակի տվյալներով՝ դրական արդյունք չունենք:
– Այդ 40 տոկոսը կազմում է ավելի քան 350 մլն դոլար: Եվ ենթադրենք, Ս.Կարայանը ճիշտ է ասել, բայց անկախ վիճակագրական տվյալներից՝ դա չպե՞տք է նկատելի լիներ անզեն աչքի համար՝ ինչ-որ նոր գործարան կամ օբյեկտ կառուցված լիներ:
– Ես նման տեղեկություններ չունեմ: Մի երկու տեքստիլ արտադրության մասին են խոսում, բայց ես չեմ կարծում, որ դա դրական մեծ արդյունք կտա մեր ամբողջ տնտեսության համար:
– Նույն բյուջետային քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ Հայաստանի համար ՀՆԱ-ի 60 տոկոսի չափով պետական պարտքը համարվում է պարտքի ցածր մակարդակ: Եվ որ այդպիսով, Հայաստանը չի էլ հասել անգամ պարտքի միջին մակարդակ ունենալու շեմին: Կիսո՞ւմ եք նրա այդ տեսակետը:
– ՀՆԱ-ի 60 տոկոսի չափով պարտքը կարող է համարվել այն պարագայում, երբ տվյալ երկրում տնտեսական աճը բարձր է լինում: Եթե 2016թ. ՀՀ տնտեսական աճը 0․2 տոկոս էր, որն անգամ 30 մլն դոլար էլ չի կազմում, բայց պարտք են վերցրել 830 մլն դոլար, դե դուք ասեք, 60 տոկոսը բա՞րձր է, թե՞ ցածր:
– Վ. Արամյանը նաև ասաց, որ ամեն տարի պարտք են վերցնելու առնվազն դեֆիցիտի ֆինանսավորման չափով՝ մոտ 300 մլն դոլարով: Եթե անգամ սահմանափակվեն այդքանով, 5 տարում դա կլինի 1․5 մլրդ դոլար: ՀՀ ՀՆԱ-ն համաչափ կաճի՞, որ արդեն 7․5 մլրդ դոլարի պարտքը նորից 60 տոկոս կազմի, թե՞ կհասնի առնվազն 70-75 տոկոսի:
– Ամենայն հավանականությամբ՝ 300 մլն դոլարից ավելի շատ պարտք են վերցնելու: Բայց եթե անգամ 300 դոլարով սահմանափակվեն, և ՀՆԱ-ն էլ համաչափ զարգանա, ապա 2022թ. մենք պետք է ունենանք 14 մլրդ ՀՆԱ, այդ ժամանակ պարտքը կմնա 60 տոկոս: Հակառակ պարագայում, եթե չկարողացան տարեկան 300-ով սահմանափակվել ու ավելի շատ պարտք վերցրեցին, ՀՆԱ-ն էլ համաչափ չաճի, արդեն 60-ը կգերազանցի: Բայց ես հակված եմ մտածելու, որ առաջիկա 2 տարիներին այդ 60 տոկոսը գերազանցելու են: Իսկ դա կնշանակի, որ Ազգային ժողովում նորից պետք է պարտքի շեմը բարձրացնելու նախագիծ ներկայացնեն և համապատասխան օրենքում փոփոխություն կատարեն ու այն դարձնեն ՀՆԱ-ի 70 տոկոսը: Երբ Վ. Արամյանն ասում է, որ 60 տոկոսը ցածր շեմ է, ես հասկացա, որ պարտքի շեմը բարձրացնելու հող են նախապատրաստում: Պարտքը պետք է զուգակցեն տնտեսական աճի հետ, նոր գնահատեն՝ այն բարձր է, թե ոչ: Եթե աճն ավելի ցածր է, քան թե ամենամյա վերցրած պարտքը, դա նշանակում է, բացասական զարգացում ես ունենում: Բանավեճի տեսանկյունից, եթե նրանց դիմաց լուրջ տնտեսագետ լիներ, ու նման հարցեր տային, հաստատ նման պատասխաններ չէին տա:
– Իշխանություններն ասում են՝ 5 տոկոս աճը բավարար է:
– Դե հիմա թող ցույց տան նախորդ տարիների տնտեսական աճի ու վերցրած պարտքի աճի տարբերությունները: Եթե այդպես լիներ, ուրեմն պարտքը պետք է նվազեր: Այսինքն՝ առաջիկա 5 տարիներին պարտքի նվազո՞ւմ եք նախատեսում: Կապրենք՝ կտեսնենք: Այնպես չէ, որ մենք դա չենք ուզում, բայց այս պահի ցուցանիշներն այդ մասին չեն խոսում:
– Պարոն Խաչատրյան, այս օրերին քննարկվում է այն բյուջեի կատարողականը, որը թերակատարվել է: Ավելին՝ անցած տարի մոտ 90 մլրդ դրամով գերակատարվել է դեֆիցիտի ֆինանսավորումը:
– Այո, և ամենավատն այն է, որ այդ պարտքի մի մասը՝ 130 մլրդ դրամը ֆինանսավորել են մեր բանկերը: Իսկ դա նշանակում է, որ բանկերը տնտեսությունը վարկավորելու փոխարեն նստել են պետությունից տոկոսով փող ստանալու գործի վրա:
– Կարծիք կա, որ Հայաստանի դեպքում ճիշտ կլինի պարտքը ներգրավվել ներքին պարտատոմսերի միջոցով, որպեսզի ստացվող տոկոսները մեր տնտեսության մեջ ծախսվեն:
– Այդ մոտեցումը արդեն կիրառում են, դրա համար էլ ներքին պարտքը հասել է 1 մլրդ 150 մլն դոլարի: Բայց ներքին պարտքի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է, քան արտաքին պարտքինը: Բայց համաձայն եմ, որ դրական է, երբ այդ տոկոսը մնում է երկրի ներսում, արտաքին պարտքինը ցածր է: Իսկ ադ գործիքն էլ տվել են բանկերին, որից նրանք օգտվում են:
– Իսկ բյուջեի թերակատարման կամ դեֆիցիտի գերակատարման համար պատասխանատվության հարց չպե՞տք է առաջանար:
– Համաձայն եմ, դա նշանակում է, որ բյուջետային քաղաքականությունը ձախողվել է: Դրան պետք է հրաժարականներ հետևեին: Դա արդեն քաղաքական հայտարարություն է, բայց նման պատասխանատվության մեխանիզմները սահմանված չեն, մենք այդ կուլտուրան չունենք:
– Բայց եղան հրաժարականներ՝ սեպտեմբերին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու իր կառավարությունը հրաժարական տվեցին:
– Գուցե, սակայն փոխվածն էլ վերջին ամիսներին չի կարողացել շտկել: Բայց այստեղ մի առանձնահատկություն էլ կա, իմ հիշելով՝ այդ թերակատարումը վերջին ամիսներին է ավելի շատ աճել, քան թե Հ.վԱբրահամյանի օրոք: Ճիշտ է, մարտից սկսած տնտեսական աճի դանդաղում կար, բայց վերջին ամիսներին՝ տեմպերն արագացան ավելի շատ:
– 2020թ. արտաքին պարտքի մարման ու սպասարկման գումարը հասնելու է աննախադեպ բարձր չափի՝ 1 մլրդ դոլարի: Կիսո՞ւմ եք Վ. Արամյանի այն կարծիքը, թե դա խնդրահարույց չէ և իրենք այն հեշտությամբ կմարեն:
– Այդ առումով 2020-ը սարսափելի տարի է լինելու, իշխանությունները նորից բոնդեր են թողարկելու, քանի որ մարելու համար այդքան փող չեն ունենալու: Թողարկելու են, երկարաձգելու են նախորդների ժամկետը, թոկոսադրույքը բարձրացնելու են, թիվն էլ կարող է մեծացնեն: Սովորաբար տոկոսադրույքը բարձրացնելու պայման է դրվում, երբ տեսնում են, չեն կարողանում մարել: Նախորդ անգամ այդպես է եղել, 6․5 տոկոս էր, դարձրեցին 7․5 տոկոս:








































