Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է «Օֆշորի գործի» դատական քննությունը:
Դատարանը հասել է դատական վիճաբանությունների փուլին:
Մեղադրող դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով: Նա հաստատված է գնահատել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին առաջադրված մեղադրանքները և միջնորդել է նրան վերջին հաշվով դատապարտել 15 տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումներից խուսափելու համար:
Աշոտ Սուքիասյանը, որպես «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի ղեկավար, ի թիվս այլ գործունեության, զբաղվել է ադամանդագործությամբ, ոսկեգործությամբ:
2010 թվականին նա դիմել է «Ամերիաբանկ»՝ աֆրիկյան Սիեռա Լեոնե երկրում իր կողմից շահագործվող ոսկու և ադամանդի հանքերից ոսկի ու ադամանդ արդյունահանելու, Հայաստան տեղափոխելու և Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու նպատակով վարկ տրամադրելու հայտով:
Բանկը վարկային պայմանագրով Աշոտ Սուքիասյանի կոոպերատիվին տրամադրել է 12 միլիոն դոլար վարկ, որը հատկացվելու էր ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, փուլ առ փուլ՝ ըստ բիզնեսի զարգացման տվյալների:
Բանկը 2010 թվականից մինչև 2011 թվականի հունիսի 15-ը Աշոտ Սուքիասյանին մաս-մաս տրամադրել է 10 միլիոն 700 հազար դոլար: Բայց նկատի ունենալով, որ վարկառուն սկսել է թերանալ իր պարտականությունների կատարման մեջ, բանկը բարձրացրել է վարկի տոկոսադրույքը՝ 12 տոկոսից հասցնելով 15 տոկոսի, ապա և բոլորովին չի տրամադրել մնացած 1 միլիոն 300 հազար դոլարը:
Վարկի տրամադրման համար բանկը որպես գրավ վերցրել է Աշոտ Սուքիասյանի հետ գործընկեր դարձած Փայլակ Հայրապետյանի՝ 50 միլիոն դոլար գնահատված գույքը, որից տուժող Հայրապետյանը արդյունքում զրկվել ու ներկա գործով ճանաչվել է որպես տուժող:
Ըստ Փայլակ Հայրապետյանի՝ բանկը իր որոշած վարկը մաս-մաս՝ ութ փոխանցումով ուղարկել է օֆշորային գոտի՝ Կիպրոս՝ երեք կազմակերպությունների, որոնցից մեկը Աշոտ Սուքիասյանի անունով է եղել: Հետո, ըստ Հայրապետյանի, այդ գումարները վերադարձրել են Հայաստան, ծախսել իրենց հաճույքների համար, իսկ ինքը զրկվել է իր ունեցվածքից:
Դատական այս նիստին չէր ներկայացել մեղադրողը:
Տուժող Փայլակ Հայրապետյանն ու նրա ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Լուսինե Աղլամազյանը նշեց, որ դատախազը մեղադրական ճառում մանրակրկիտ կերպով, փաստարկներով հիմնավորել է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքները և 15 տարի ազատազրկում է պահանջել: «Իսկ ես պահանջելու եմ ցմահ ազատազրկում»,- ասաց տուժողի ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը՝ նշելով, որ «խաբեբա, շուլեր մարդիկ» օգտվել են տուժողի ազնվությունից, տարիքից, միամտությունից և հափշտակել են նրա ունեցվածքը: Տուժող կողմը քաղաքացիական հայց է ներկայացրել նաև քաղաքացիական դատավարության կարգով՝ միայն Փայլակ Հայրապետյանի՝ արդեն վաճառված գույքի մասով, իսկ երբ այս գործով դատավճիռ կայացվի, հաստատվեն մեղադրանքները, ներկայացնելու են պահանջ՝ նաև մնացած գույքի և բարոյական վնասի հատուցման մասով:
Ինքը՝ տուժող Փայլակ Հայրապետյանը նշեց, որ իր կարծիքով՝ Աշոտ Սուքիասյանին պետք է մեղավոր ճանաչել «Հայրենիքի դավաճանության համար», քանի որ առնվազն 10 հազար մարդ պիտի աշխատեր, եթե բիզնեսը կայանար, եթե չթալանեին և այդ 10 հազար մարդուն գործազուրկ դարձնելով՝ Հայաստանից նրանց արտագաղթելու ճամփան չբացեին: Աշոտ Սուքիասյանի պատիժը ցմահ կլինի, թե 15 տարի՝ Հայրապետյանը առանձնապես չկարևորեց, նրա կարծիքով՝ ավելի կարևորն այն է, որ կատարված արարքը որակվի որպես Հայրենիքի դավաճանություն. «Սովետի ժամանակ էդպիսի դեպքերում գնդակահարում էին, հիմա մի մարդու բերել, նստացրել ու դատում են, բայց էդ մարդու արածը էս գործի 10 տոկոսն է, մյուսներն ո՞ւր են…»:
Փայլակ Հայրապետյանը ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին ներկայացրել է այս գործով իր պահանջները՝ նշելով. «Այս գործը խմբակային բնույթի է, ոչ միայն Աշոտ Սուքիասյանն է մասնակցել…»:
Փայլակ Հայրապետյանն իր դիմումի մեջ թվարկել է այս գործով բոլոր մեղավորներին, ովքեր, իր կարծիքով, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցուցակը գլխավորում է Ամերիաբանկը, հետո գալիս է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ այն ժամանակվա նախարար Երիցյանի գլխավորությամբ, ՀՀ կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունը, ապա՝ Ամերիաբանկում ղեկավար պաշտոններ զբաղեցնողները:
Փայլակ Հայրապետյանը պահանջում է վերադարձնել իր ունեցվածքը, հատուցել անձնակազմին հասցված նյոթական վնասը, հատուցել իր ընտանիքին վեց տարիների ընթացքում պատճառված վնասները, հատուցել իր կրած բարոյական վնասը՝ 5 միլիոն դոլարի չափով: Նա պահանջում է մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ. «Սրանով մեր պետության հեղինակությունը կբարձրանա»:
Փայլակ Հայրապետյանը նշեց, որ Աշոտ Սուքիասյանը՝ միայնակ, ոչինչ չէր կարող անել: Բանկի պատասխանատվության հարցը ինքը միշտ բարձրացրել է: Իր ունեցվածքը «կոպեկներով» հենց բանկի աշխատողներն են գնել, հիմա Քոչարի փողոցում գտնվող իր շենքը, որ «կոպեկներով» գնել է «բանկի կառավարչի տեղակալ» Գագիկ Սահակյանը, վերանորոգվում է… Ընդհանրապես, այն, ինչ անում են բանկերը՝ մարդկանց ունեցվածքը ձեռք գցելու, հափշտակելու առումով, Հայրապետյանն անվանեց «այլանդակություն», ասաց՝ մենք դարձել ենք բանկերի ճորտերը, երկրի բնակչության մեծ մասի ունեցվածքն են բանկերը ուզում ձեռք գցել՝ քաղաքացիները մնում են անտուն, գյուղացիները՝ առանց հողի ու տնտեսության: Եթե ունեզրկված մարդիկ թողնեն-հեռանան երկրից, ի՞նչ պիտի անեն էդ բանկերը, բայց նրանք հեռուն չեն մտածում, գործում են միայն ագահությամբ առաջնորդվելով…
Փայլակ Հայրապետյանը պատմեց, որ երբ Աշոտ Սուքիասյանը դեռ չէր բռնվել՝ փախուստի մեջ էր, ինքը գնացել է Աֆրիկա, ցանկացել է նրա հետ խոսել: Զանգել է նրան, կանչել է հանդիպման, ասել է՝ միևնույն է՝ դու նստելու ես, ես իմ ունեցվածքը կորցնելու եմ, արի խոսենք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել, ինչ-որ բան արի փրկենք: Բայց Սուքիասյանն այդ օրը հանդիպման չի գնացել, իսկ երբ հանդիպել են հաջորդ օրը, նա ասել է՝ մի էրկու խլամ բան ես տվել, հիմա ի՞նչ ես ուզում, ես քեզ տալու բան չունեմ…
Փայլակ Հայրապետյանը նշեց, որ քաղհայց է ներկայացրել ինչպես այս քրեական գործը քննող դատարանին, այնպես էլ քաղաքացիաիրավական կարգով է դատարան դիմել: Ինքը պահանջում է իր կորցրած, իր ընտանիքի կորցրած ունեցվածքի հատուցումը, աշխատողների կրած վնասների հատուցումը, նաև՝ իր կրած բարոյական վնասի հատուցումը:
Հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 7-ին, ճառերով հանդես են գալու տուժող Փայլակ Հայրապետյանը, նրա ներկայացուցիչներ Լուսինե Աղլամազյանը և Աշոտ Գևորգյանը:











































