ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը: «Զորախումբը ձևավորվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցելու հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը»,- ասված է Պետական դումայի տարածած հաղորդագրության մեջ: Որևէ կասկած չկա, որ Պետդումայում համաձայնագիրը միաձայն կվավերացվի: Ռուսների պարագայում` շահագրռությունը մոտիվացված է, որովհետև նման համաձայնագրերով նրանք մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը Հայաստանում` դա որպես լծակ օգտագործելով ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու, այլ նաև տարածաշրջանում իրենց ազդեցությունը մեծացնելու համար:
Խնդիրը միանգամայն այլ է Հայաստանի պարագայում, որի վերնախավը, քաղաքական համակարգը մտահոգվելու առիթ պետք է ունենային, եթե իհարկե պետական մտածողությունը նրանց մոտ գոնե մինիմալ դրսևորում ունի: Բանն այն է, որ ռուսական վերնախավն իր որոշակի հետևություններն է արել անցյալ տարվա Ապրիլյան պատերազմից: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Մոսկվայում ուշադիր ուսումնասիրել ու թիրախավորել են Հայաստանի այն ինստիտուտները, որոնք ինքնիշխանության պահպանման պոտենցիալ ունեն: Հայաստանում այդ ինստիտուտներն երկուսն են` բանակը և քաղաքացիական հասարակությունը: Վերջինիս գործունեության սահմանափակման կոնկրետ դրսևորում եղավ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ կապված տհաճ միջադեպը, որը բացահայտեց, որ Մոսկվան Հայաստանի քաղաքացիական սեգմենտի ներկայացուցիչների համար «սև ցուցակ» ունի և, անշուշտ, դրանում ընդգրկված մարդկանց դեմ պայքարում է Հայաստանի իշխանությունների հետ համատեղ, որովհետև քաղաքացիական ինստիտուտները վտանգավոր են թե՛ ռուսական կայսերականության և թե՛ Հայաստանի համակարգի ավտորիտար նկրտումների համար:
Հայաստանի բանակի խնդիրը մի փոքր այլ է, որովհետև դա միակ ինստիտուտն է, որը ոչ միայն խորհրդանշում է Հայաստանի ինքնիշխանությունը, այլ նաև որոշակի մանևրի հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանի իշխանությանը: Վերջինիս, սակայն, պետական օրակարգը քիչ է հուզում, վերջին հաշվով` Հայաստանի համակարգն իր երաշխիքները կարող է Մոսկվայից ստանալ: Հայաստանի իշխանության այդ հակապետական մտածողության ֆոնին Մոսկվան որոշեց վերջնականապես իրեն ենթարկեցնել հայկական բանակը, կոտրել ողնաշարն այն ինստիտուտի, որը Քառօրյա պատերազմի օրերին տապալեց ռուս-ադրբեջանական համաձայնությունները: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը ծնվել է հենց Ապրիլյան պատերազմից հետո` 2016թ-ի նոյեմբերի 30-ին:
Այս համաձայնագիրը նրա մասին չէ, թե ինչպես է ամրապնդվում մեր երկրի անվտանգությունը, հակառակը` սա Հայաստանի ֆորպոստացումից վասալության հերթական դրվագն է, մեր անվտանգության հերթական զոհաբերումը հայ-ռուսական «եղբայրությանը»:






































