Կիրակի Լոս Անջելեսում անցկացվել է 65-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը՝ գրում է E-online-ը: Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի մրցանակներով պարգևատրման արարողությունն անցկացվել է հոլիվուդյան «Նոկիա» կինոթատրոնում:
Դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսոր է ճանաչվել Դևիդ Ֆինչերը: Նա մրցանակ է ստացել «Խաղաքարտե տնակ» (House of Cards) ֆիլմի համար: Հենրի Բրոմելը պարգևատրվել է «Հայրենիք» (Homeland) դրամատիկ սերիալի սցենարի համար:
Դերասանուհի Քլեր Դեյնսը իր երկրորդ «Էմմի» արձանիկն է ստացել որպես դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի՝ «Հայրենիքում» ԿՀՎ վերլուծաբան Քերի Մեթիսոնի դերակատարման համար: Դրամատիկ սերիալի լավագույն դերասան է ճանաչվել Ջեֆ Դենիելսը՝ «Նորություններ» (The Newsroom) սերիալում հաղորդավարի դերի համար:
Երկրորդ պլանի դրամատիկ սերիալի լավագույն դերասան և դերասանուհի են համարվել Բոբի Կանավալեն և Աննա Գանը:
Լավագույն կատակերգական դերասանուհի է ճանաչվել Ջուլյա Լուիս-Դրեյֆուսը՝ «V.I.P» սերիալում դերակատարման համար, լավագույն դերասան՝ Ջիմ Փարսոնը («Մեծ պայթյունի տեսությունը», The Big Bang Theory): Սա դերասանի արդեն 4-րդ մրցանակն է: Կատակերգական ժանրում երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Մարիտ Ուիվերը՝ «Շոութայմ» (Showtime), և Թոնի Հեյլը՝ «V.I.P»: Կատակերգական սերիալի լավագույն սցենարի համար մրցանակի են արժանացել Թինա Ֆեյն ու Թրեյսի Ուիգֆիլդը «Ստուդիա 30» ( 30 Rock) ֆիլմում աշխատանքի համար:
Լավագույն ժամանցային հեռուստաշոու է ճանաչվել «Ձայնը» (The Voice):








































