«Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն այսօր համազգային երթի ընթացքում «Առաջին լրատվական»-ին ասաց, որ իրենք երեք մեսիջ ուղղեցին Հայաստանի Հանրապետության անտարբեր քաղաքացիներին, Սերժ Սարգսյանին՝ իր վարչակարգով, և Վլադիմիր Պուտինին՝ նույնպես իր վարչակարգով, որպեսզի հասկանան, որ այստեղ ողնաշարավորներ են կանգնած․«Մենք անցած ակցիային՝ էլի նախագահական նստավայրի դիմաց, ասացինք, որ անելու ենք այնպես, որ իշխանությունները բացի զիջելուց ու հանձնվելուց ուրիշ ճանապարհ չունենան»:
Դ.Սանասայանը նշեց, որ սա մեր բոլորի տոնն է, ինքը հպարտանում է, որ անկախություն ունենք, որ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունի, և անկախ այս բոլոր դժվարություններից՝ ամեն ինչ անելու են, որ Հայաստանն իրապես ինքնիշխան ու անկախ լինի: «Մեր մեղքով է եղել, որ հասել ենք այս ամենին, բայց պետք է այնպես անենք, որ մեր մեղքերը քավենք մեր գործողությունների արդյունքում»:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, մեր զրուցակիցն ասաց, որ ինքն այսօր շնորհավորել է նրանց Անկախության օրվա առիթով և նրանց հետ որևէ խնդիր չունի: «Արդեն մի անգամ ասել եմ, որ իշխանությունները փորձում են մեր թիրախն ուղել ոստիկանության վրա, բայց իմ խնդիրը ոստիկանությունը չէ, ես կանգնում-ասում եմ, որ այստեղ եմ ուզում կանգնել և կանգնում եմ այդտեղ:
Իմ կոնֆլիկտը ոստիկանների հետ չէ, իմ խնդիրը Բաղրամյան 26-ի աթոռին բազմած մարդու հետ է: Այդ մարդը Հայաստանի Հանրապետության անունից չի կարող որոշում կայացնել, Հայստանի ինքնիշխանությունն էլ իրենց անհեռատես քաղաքականության արդյունքում չենք կարող զիջել»,-եզրափակեց նա:











































