«Ոչ թե վերջերս, այլ արդեն վաղուցվանից և ոչ թե կամաց- կամաց, այլ արագ տեմպերով Հայաստանը կորցնում է իր անկախությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ անդրադառնալով Հայաստանի անկախության 22-ամյակին և այն տեսակետներին, որ Հայաստանը կորցնում է իր անկախությունը․«Երկրի անկախությունը ոչ թե վերացական հասկացություն է, որը որոշվում է բաժակաճառերով, այլ երկրի պոտենցիալով՝ այսինքն ինչքան պարտքեր ունի, ինչքան է արտադրում, արտահանում, ներմուծում, ինչքանով է կայուն նրա քաղաքական համակարգը, ինչքանով է արդյունավետ, և եթե վերցնենք այս բոլոր գործոնները, բոլոր այս ցուցանիշներով Հայաստանը չի կարղ հավակնել որևէ դերակատարություն ունենալու և որևէ գործողություն կատարելու հարցում:
Ուստի հարցն այն չէ, թե Հայաստանը ինչքանով է կախման մեջ այս կամ այն պետությունից, հարցն այլ կերպ պետք է դնել՝ ինչքանո՞վ է Հայաստանը ի վիճակի կատարել իր առջև դրված գործառույթները: Արտաքին քաղաքականությունը պետական քաղաքականության ընդամնեը մի բաղադրիչն է»,- ընդգծեց Զոլյանը:
Հարցին, թե փաստորեն ամեն տարի այս օրը անցկացվող միջոցառումները ձևական բնո՞ւյթ են կրում, Սուրեն Զոլյանը պատասխանեց․«Ես համարում եմ, ինչքան էլ ձևական բնույթ կրեն՝ դրանք հիշեցնում են, որ մենք ընտրել ենք պետական անկախության ուղին, և բնական է, որ այդ հիշեցումը տեղին է: Պետականությունն առհասարակ ոչ թե հանրաքվեով է որոշվում, այլ պետական շինարարության բավականին երկար ջանքեր պահանջող գործընթաց է: Որքան էլ ձևական լինի, այդ հիշեցումը պետք է հնչի»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք, թե իր գնահատմամբ՝ ի՞նչ է հնարավոր անել անկախությունը լիարժեք վերականգնելու համար, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց․«Շատ դժվար է, որովհետև այն ռեժիմը, որն իրեն իշխանություն է հռչակել, փաստորեն որպեսզի պահպանի իր այսպիսի դիրքերը, ճնշում է ցանկացած շարժում, ցանկացած միտք, ցանկացած անկախ գործելակերպ:
Եթե չկա անկախ քաղաքացի, չի կարող լինել անկախ պետություն, բայց ռեժիմին բնական է՝ ձեռք է տալիս ունենալ ճնշված ժողովուրդ, քան թե անկախ պետություն»:
Անդրադառնալով այս օրերին հնչող այն տեսակետների, որ եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, ապա ամբողջովին կկորցնի իր անկախությունը, Սուրեն Զոլյանն ասաց․«Ես ասում եմ հետևյալը՝ Ռուսաստանին բոլորովին պետք չէ Հայաստանի համար ինչ-որ հոգս քաշել:
Իմ աչքի առաջ Ղրղզստանի օրինակն է, որն արդեն երկու տարի է՝ հայտարարել է, որ ուզում է Մաքսային միության անդամ դառնալ, բայց նրա հետ բանակցությունները շարունակվում են բավականին երկար ժամանակ և ոչ մի վերջնական համաձայնություն:
Հիմա Հայաստանի կառավարության կողմից հնչել է մի տարեթիվ՝ 2016․ ես խիստ կասակծում եմ, որ ռուսները դրա հետ կհամաձայնեն: 2016 թիվը որ գա, կարող են ասել, որ Հայաստանն այսինչ պահանջները չի կատարել:
Իմ կարծիքով՝ դա իրական չէ, հիմնական խնդիրը եղել է կասեցնել Հայաստանի ինչ-ինչ հարաբերությունները Եվրամիության հետ և դա նրանց հաջողվել է, իսկ հաջորդ քայլը՝ Հայաստանի ինտեգրումը Մաքսային միությանը, չի լինի»:
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ շատ կարևոր է, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է․«Մնում է, որ Հայաստանի իշխանությունները դա գիտակցեն, իսկ դրա համար պետք է, որ առաջին հերթին ժողովուրդը դա գիտակցի․․․Ըստ իս՝ այդ գիտակցությունը կա»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































