Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վերջին 22 տարիներին այնքան վտանգված չեն եղել, որքան այսօր: «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ-ի այսօր տեղի ունեցած երկրորդ արտահերթ համաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ միաժամանակ ներկաներին շնորհավորելով Անկախության տոնի առթիվ:
«Այն ուղղությունը, որը սեպտեմբերի 3-ին ընտրեց Հայաստանը, բացարձակապես ոչ մի կապ չունի տնտեսական վիճակի բարելավման հետ: Մաքսային միությունը արժեքային մի համակարգ է, որը տանում է կործանման: Հայաստանը երբեք չի կարող լիարժեք մաս կազմել այդ կառույցին, որովհետև եթե դրա մաս կազմի, ոչ թե պետություն, այլ պետականատիպ մի կազմակերպություն կդառնա: Հայաստանի Սահմանադրությունը չի կարելի հարմարեցնել Մաքսային միությանը, այլապես տեղի կունենա պետության օկուպացիա:
Որոշ մարդիկ խոսում են ՄՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին: Ես նրանց սադրիչներ եմ անվանում»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նա ցավ հայտնեց, որ մեր երկրում քաղաքացիական գիտակցությունը լիարժեքորեն ձևավորված ինստիտուտ չէ: «Իսկ պետականությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը քաղաքացիական գիտակցության բացակայությունն է»,- ասաց քաղաքական գործիչը:
Ամփոփելով՝ Դավիթ Շահնազարյանը հույս հայտնեց, որ մի օր Հայաստանում իշխանությունը կձևավորվի բացառապես ժողովրդի կողմից, որ մի օր մեր երկրում որևէ երկրի ռազմաբազա չի լինի: «Ես կասկած չունեմ, որ երրորդ հանրապետությունը հարատևելու է, որքան էլ դրսից փորձեն քանդել այն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի անկախության 22-ամյակը: 1991 թվականի այս օրը անցկացված հանրաքվեի արդյունքերով Հայաստանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից՝ հռչակվելով անկախ պետականություն ունեցող երկիր:










































