ԱՄՆ-ն մտահոգված է Ռուսաստանի քաղաքացիների ազատությունների սահմանափակմամբ, ինչը պայմանավորված է անկախ ԶԼՄ-ների բացակայությամբ: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Մայքլ Պոզները: Նմանատիպ հայտարարություն ամերիկացիներն արել էին երեք օր առաջ:
«Նախագահ Մեդվեդևը հայտարարել է ժողովրդավար, ժամանակակից և հաջողակ Ռուսաստան ունենանալու իր ձգտումների մասին, որը կղեկավարվի օրենքով: Նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել են իրենց ջերմ աջակցությունն այս մտադրությանը։ Ռուսաստանի քաղաքացիներին քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, ինչպես նաև արդարադատության հնարավորություններից օգտվելու հնարավորւթյուն տրամադրելը հիմնական գործոններից է, որպեսզի Ռուսաստանը դառնա այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք այն տեսնել»,- ասել է Պոզները` ելույթ ունենալով ռուսաստանցի իրավապաշտպանների առաջ:
«Չնայած արձանագրվող առաջընթացին, մենք կարծում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիների՝ միջազգային և ռուսաստանյան օրենսդրությամբ սահմանված հիմնարար իրավունքների ոլորտում գոյություն ունեցող սահմանափակումները, մնում են լուրջ խնդիր Ռուսաստանի ժողովրդի, բիզնեսի և կառավարության համար»,- ասել է Պոզները:
Նա հիշատակել է գործարարների դեմ սկսված հետապնդումները, Պոլիտկովսկայայի սպանությունը, փաստաբան Մագնիտսկու սկանդալային գործը և այլն:
Առանձնահատուկ շեշտվել է Սահմանադարության 31 հոդվածի դրույթների պաշտպանությունը, համաձայն որի սահմանվում են ազատ ժողովների, երթերի, ցույցերի և հանրավաքների անցկացումը, ինչը, սակայն, գրեթե չի ապահովվում: Երեկ՝ մայիսի 31-ին, բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են հենց այս օրենքի խախտման հետ կապված միջոցառումների ժամանակ:








































