Դժվար է ասել, թե ինչ հեռանկար կունենա արտահերթ ընտրության տանող գործընթացը, որ ընդդիմությունը հռչակեց մայիսի 31-ի հանրահավաքում՝ իշխանությանն առաջարկելով բանակցել այդ հարցի շուրջ: Հայաստանում, առավել ևս՝ ներկայումս, երբ ընդդիմությունն ու իշխանությունն անցել են երկխոսության գործընթացի, քչերն են պատկերացնում, որ դա իսկապես կարող է հանգեցնել արտահերթ ընտրության: Ի վերջո շատերի մոտ այն համոզումն է, որ եթե այդ գործընթացը բերելու է իշխանափոխության, իշխանությունն ինքը չէր գնա դրան:
Դա իհարկե միանգամայն ռացիոնալ դատողություն է, նկատի ունենալով այն մոլուցքը, որով իշխանությունը կառչած է իր տնտեսական և քաղաքական մենաշնորհներից: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ մեր հասարակության մի զգալի մասի մոտ պարզապես գրեթե միարժեքորեն բացառվում է այն ընկալումը, որ երկրում կարող է և ստեղծված լինել այնպիսի մի իրավիճակ, որի պարագայում իշխանությունն ինքը սկսի դիտարկել իր հեռանալու հնարավորությունը կամ տարբերակները: Խնդիրը այստեղ այն չէ, թե երբ և ինչպես հեռանալ: Խնդիրը այստեղ հեռանալու տարբերակների և հնարավորության մասին մտածելն է ինքնին:
Բանն այն է, որ եթե աշխարհում իրար հետևից, դոմինոյի էֆեկտով փլվում են արաբական 40-ամյա, 30-ամյա դիկտատուրաները, ապա միայն բացարձակ անմեղսունակ կառավարիչները կարող են չմտահոգվել դրանից, եթե իրէնք չեն կառավարում սեփական ժողովրդի կամքով, այլ իշխում են բացառապես ընտրակեղծիքների և ռեպրեսիվ մեթոդների շնորհիվ: Իսկ որ Հայաստանում արդեն երկար ժամանակ է իշխանությունը ձևավորվում է հենց այդ մեթոդով, երևի թե որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Եվ անկախ ամեն ինչից, անկախ նրանից՝ Հայաստանն արաբական երկիր է, թե ոչ, մեր տարածաշրջանը մոտ է արաբական աշխարհին, թե հեռու, մեր տարածաշրջանի հանդեպ ինչ ծրագրեր ունեն աշխարհի ուժեղները, թե չունեն որևէ ծրագիր, բանական իշխանությունը սկսում է մտածել արաբական փորձի կամ դասի հիման վրա:
Իրավիճակը խորացնում է այն, որ Հայաստանի իշխանությունն անշուշտ չափազանց մակերեսայնորեն է տիրապետում համաշխարհային գործընթացներին, հետևաբար չի կարող մոտավոր պատկերացում ունենալ անգամ դրանց հեռանկարների մասին: Հետևաբար, այդպիսի պարագայում, երբ աշխարհում այսպես ասած հեռացման քաղաքականությունը նման թափ է հավաքում, իշխանության համար էական է դառնում նաև այդ ուղղությամբ երաշխիքային բազայի ստեղծումը:
Եվ հենց այդտեղ է, որ իշխանության շահից է բխում արտահերթ ընտրության վերաբերյալ քննարկումներ ծավալելը, թեկուզ ժամանակ շահելու համար, մինչ միջազգային իրավիճակն ավելի կորոշակիանա: Սակայն, դրանից բացի, խնդիրն այստեղ այն է, որ իշխանությունն այդտեղ ունի նոր գործնական այլ շահ: Ի վերջո, եթե հեռացումը աշխարհում դառնում է այսպես ասած ընդունված նորմ, ապա բանական իշխանությունը պետք է սկսի մտածել իր հեռացման պայմանների, մեխանիզմների, հետիշխանական որոշակի երաշխիքների մասին: Այնպես որ, Կոնգրեսի առաջարկը իշխանության համար պետք է որ առավել քան պրոդուկտիվ ընկալում ունենա:






































