Ներկայացնում ենք «Առավոտ» օրաթերթի խմբագարականից հատված.
«Հսկայական բնական և մարդկային պաշարներ ունեցող անծայրածիր երկրի ներուժն այնպիսին է, որ նա կարող է ստեղծել սեփական հզոր և մրցունակ տնտեսությունը՝ առանց արգելափակումների և առանց եվրոպական հարևանների հետ հակամարտությունների մեջ մտնելու։ Թե ինչու չի ստեղծում՝ այդ հարցն արդեն քաղաքական է՝ համակարգն է այդպիսին։ Իսկ այդ պայմաններում ստեղծվում է իրավիճակ, որը նկարագրված է Վլադիմիր Վոյնովիչի «Մոսկվա-2042» հակաուտոպիայում՝ երկիրը շրջապատված է թշնամության առաջին, երկրորդ և երրորդ գոտիներով։
Դուք կասեք՝ այսօր սեպտեմբերի 21-ն է, ի՞նչ կապ ունեն այդ նկատառումները Հայաստանի անկախության հետ։ Կարծում եմ՝ ամենաանմիջական։ Երբ դու չունես զարգացած տնտեսական, քաղաքական համակարգ, ժամանակակից տեխնոլոգիաներ և այլն, բայց ունես ահռելի չափեր, մնացած երկրների հետ հարաբերություններում քո հիմնական փաստարկն է ռազմական ուժը և արտահանվող բնական պաշարների գինը։ Հայաստանի և Մոլդովայի դեպքում այդ փաստարկները միանգամայն բավարար են՝ այն դեպքում, եթե մեր տնտեսական և քաղաքական համակարգերը հիմնականում համապատասխանում են ոուսաստանյան «օրինակին»։ Անշուշտ, համակարգի առումով Ուկրաինան էլ է այդպիսին, բայց այդ երկրի չափերն ու աշխարհագրական դիրքը բարդացնում են Ոուսաստանի խնդիրը։
Հետևաբար անկախ լինելու գրավականը Ռուսաստանից տարբերվող՝ քաղաքական և տնտեսական համակարգի զարգացման էապես ավելի բարձր աստիճանն է, որը ենթադրում է հասարակության համախմբվածություն, իշխանության լեգիտիմություն և փոխադարձ վստահություն։ Այս հարցում բոլորիս անելիքները շատ են։ Ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք գիտակցում են, որ ապրում են պետությունում և ոչ մի պարագայում, ոչ մի տեղ չեն պատրաստվում Հայաստանից գնալ»։
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:









































