Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը շնորհավորեց ՀՀ Անկախության օրվա առթիվ, ապա նկատեց, որ շատերն անկախության շնորհավորանքներին հեգնանքով են վերաբերվում:
«Գիտենք, որ մեր երազած անկախությունը չէ սա, բայց հետ եմ ուզում գնալ պատերազմի տարիներ, երբ պայքարում էինք Հայաստանի և Արցախի անկախության համար և հաղթեցինք այդ պատերազմում: Ամենաանկախ մարդն էինք, զինվորն ամենաանկախ մարդն էր։ Հիմա վերադառնամ այսօրվան: Այսօր հավաքվել ենք, որ մեր բողոքը հայտնենք այսօրվա իրականության համար: Յուրաքանչյուր հայ բողոքում է տանը, աշխատանքի վայրում, բայց մեկ-մեկ պետք է հավաքվենք հրապարակում և մեր բողոքն արտահայտենք ազգովի: Ոչ թե բողոքենք, այլ պահանջենք: Այսօր պահանջներ ունենք նախագահից և բոլոր իշխանավորներից և մտավորականներից, բոլոր կուսակցություններից: Հաղթանակի միայն մի ճանապարհ կա՝ համախմբվենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքի հրապարակում, սփյուռքում: Համախմբվենք և կհաղթենք: Եկեք երկրորդ անգամ պայքարենք համայն հայությամբ և այս անգամ Հայաստանի համար»,- ասաց նա:
Վերջում փոխգնդապետը կոչ արեց բոլոր կուսակցություններին միանալ. «Ժողովուրդը հավատում ու վստահում է ձեզ։ Եկեք ժողովրդին ղեկավարեք, թողեք ձեր ամբիցիաները, րոպեական շահերը: Նրանք, ում համար թանկ է հայրենիքը, պետք է միանան»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































