Հերթական սկանդալի մեջ ներքաշված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի որդին՝ Թոմա Ֆաբիուսը, ցանկանում է դատարան դիմել: Այս մասին France Press գործակալությանը հայտնել է նրա փաստաբանը:
Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆաբիուս կրտսերը Մոնակոյի խաղատներից մեկում տանուլ է տվել 700 հազար եվրո: Հասարակության ուշադրությունն է գրավել ոչ թե գումարի չափը, այլ այն, որ անհասկանալի պատճառներով խաղատունն ուղղակի դուրս է գրել ազդեցիկ քաղաքական գործչի պարտքը:
Թոմա Ֆաբիուսը հերքում է իր հասցեին ուղղված ցանկացած մեղադրանք:
Բարձրացված աղմուկի պատճառով խաղատան աշխատակազմը փոխել է իր որոշումը: Այժմ նրանք վստահեցնում են, որ գումարը դուրս գրելու մասին խոսք անգամ չկա: «Գումարը, միևնույն է, պետք է վճարվի, եթե նույնիսկ դա շատ ժամանակ պահանջի»,- ասել է խաղատան ներկայացուցիչը:











































