Ինչպես հայտնում է Welt-ը, հղում կատարելով ԳԴՀ Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներին, Գերմանիայում նվազել է ֆիլտրով ծխախոտի օգտագործումը: Պահանջարկի և վաճառքի նվազումն առավել ցայտուն է երևացել վերջին տասը տարիների ընթացքում: Եթե 2001 թ. ծխախոտի ամենօրյա օգտագործումը կազմում էր 391 մլն ծխախոտ, ապա 2010 թ. ՝ 229 մլն ծխախոտ:
Սակայն այդ նույն ժամանակահատվածում աճել է սիգարի օգտագործման քանակը՝ օրական 7 մլն-ից 11 մլն, ինչպես նաև լցնովի ծխախոտի օգտագործումը՝ 38 մլն-ից 70 մլն տոննա: Վիճակագրության հիմք է հանդիսացել տարվա ընթացքում ակցիզներից ստացված գումարների տվյալների ուսումնասիրությունը:
Դրա հետ կապված նշվում է, որ փաստացի օգտագործման թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ այս ոլորտի ապրանքների մի մասը չի ակցիզավորվում, և համապատասխանաբար չէր կարող հաշվի առնվել: Սրա մեջ մտնում է արտասահմանից օրինական կերպով ներմուծված ծխախոտը, ինչպես նաև մաքսանենգ ծխախոտը:
Մասնագետների գնահատականներով՝ Գերմանիայում տարեկան օգտագործվող ծխախոտի 5%-ը երկիր է մտնում շրջանցելով մաքսային կետերը: Միևնույն ժամանակ, մաքսանենգ ճանապարհով երկիր ներմուծվող ծխախոտի քանակն աճում է, սակայն անհամեմատ քիչ տեմպերով:
Առողջապահության նախարարությունում նշել են, որ գոհ են երկրի իշխանությունների կողմից սիգարետի վրա բարձր ակցիզավորում սահմանելու քաղաքականությունից, որն իր հերթին բերել է դրա պահանջարկի նվազման: Համաձայն այս տարվա մայիսի 1-ին ընդունված օրենքի՝ ամեն տարի մինչև 2015 թ. Գերմանիայում ծխախոտի գինն աճելու է 6-8 եվրոցենտով: Ծխախոտային ակցիզավորումից ստացված օգուտով երկրի իշխանությունները ցանկանում են լցնել բյուջեի պակասուրդը:











































