Գործարար ակտիվությունը Հայաստանում նվազել է և՛ տարեկան, և՛ եռամսյակային կտրվածքով: Այսպես, ըստ Կենտրոնական բանկի տվյալների` գործարար ակտիվության ցուցանիշն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 58.2, ինչը 1.5 կետով պակաս է, քան նախորդ եռամսյակում: Այս ցուցանիշը նվազել է նաև անցած տարվա նույն ժամանակի համեմատ` 60.5-ից դառնալով 58.2:
Ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 61, բայց սա էլ մեկ եռամսյակում նվազել է 0.9 կետով: Ակտիվության ամենացածր ցուցանիշն էլ գրանցվել է շինարարության ոլորտում՝ 56.0, այստեղ էլ նույն ժամանակում նվազումը 2 կետ է:
Գործարար ցուցանիշի անկում մեկ եռամսյակում նկատվել է նաև առևտրի և ծառայությունների ոլորտներում` համապատասխանաբար` 1.2 և 2 կետով:
Ցուցանիշների հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով: Գործարար ակտիվության փաստացի արժեքը հաշվարկվել է թողարկման ծավալների ընթացիկ, իսկ սպասման արժեքը` գալիք եռամսյակում թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:
Ցուցանիշների հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Եթե արժեքը 50 է, ապա վիճակը կայուն է, 100-ի դեպքում ակնկալվում է աճ, իսկ 0-ի դեպքում` նվազում:











































