Որքան էլ հայտարարվի, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հստակ է, այնուամենայնիվ՝ կուսակցությունում հարցի շուրջ երկու բևեռ է առաջացել: Դա է վկայում այն փաստը, որ մինչ օրս ԲՀԿ-ն կուսակցության անունից Մաքսային միությանը անդամակցելու հարցով հանդես չի եկել հայտարարությամբ և չի հայտնել քաղաքական հստակ դիրքորոշում:
«Դա տնտեսական պայմանագիր է: Տնտեսական պայմանագրին միանալու վերաբերյալ եզրակացություն կարելի է հայտնել միայն այն ժամանակ, երբ կոնկրետ տնտեսական շահի վերաբերյալ լինեն հիմնավորումներ: Երբ մեզ տան այդ հիմնավորումները, երբ լինի այդ ինֆորմացիան, այդ ժամանակ մենք կասենք՝ հարգելի քաղաքացիներ, ահա՝ սա մեր շահն է, ահա՝ սա մեր շահը չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ինչ վերաբերում է կուսակցությունում հարցի վերաբերյալ առկա երկու կարծիքին, Ուրիխանյանը նորմալ է վերաբերվում: «ԲՀԿ-ում շատ կարծիքներ կան, և դա նորմալ է, որովհետև մեզ մոտ որոշումները կայացվում են շատ երկար և բազմակողմանի քննարկումների, բոլոր կարծիքների համադրման արդյունքում:
ԲՀԿ-ն միշտ հայտարարել է, որ կողմնակից է բոլոր պետությունների, միջպետական միավորումների հետ համապարփակ, բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը: Բնականաբար, առաջնայինը ՀՀ շահն է: Այսինքն՝ ինքնանպատակ գործակցություն չի կարող լինել»:
Որոշ տեղեկություններով՝ Մաքսային միության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում հայտնելուն դեմ է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով, ինչպես հայտնի է, ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահն է և, փաստորեն, ՄՄ-ի վերաբերյալ դրական դիրքորոշման դեպքում բավական անհարմար վիճակում կհայտնվի:
Կուսակցության մամուլի խոսնակի խոսքով՝ որևէ հակասություն չկա, երբ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահն է, սակայն կուսակցութան առաջնորդը կողմ է Մաքսային միությանը:
«Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայի հետ հարաբերություններին, ապա մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք մեր բոլոր կառույցները, ենթակառույցները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Մենք պատրաստ ենք եվրոպական արժեքների և հայ ազգային արժեքների ու ավանդույթների համապարփակ սիմբիոզի գերակայության պարագայում առաջ տանել մեր գործակցությունը»:
Ուրիխանյանի խոսքով՝ այնուամենայիվ, եթե հիմա ստեղծվել է այսպիսի իրավիճակ, ապա իրավիճակի պատասխանատուն արտաքին քաղաքականություն վարողներն են: «Բա մենք ասում էինք՝ պետք է խորհրդակցեիք մեզ հետ: Բա մենք ասելիք չունեի՞նք այս թեմայի շուրջ, իհարկե՝ ունեինք»:
Ի դեպ, կուսակցության մամուլի խոսնակը չնշեց, թե երբ է նախատեսվում ԲՀԿ համագումարը. «Ժամկետների մասին խոսակցություն չկա, երբ լինի, ես ձեզ սիրով կտեղեկացնեմ»:










































