«Եթե մեր դատական համակարգը գտնվեր իր բարձրության վրա, եթե մեր դատական համակարգում արդարադատության իրականացումը լիներ պատշաճ մակարդակի, ապա հնարավոր էր կազմակերպել «Սասնա ծռերի» գործով մեղադրվող 31 անձանց գործի մեկ վարույթում, միաժամանակյա դատավարություն: Դա կնպաստեր նաև գործի հրապարակայնությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց այս գործով մի քանի մեղադրյալների պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ մեկ դատավարության դեպքում պետք էր ներգրավել փորձառու դատավորի, որը կկարողանար պատշաճ քննություն կատարել: «Այսպիսի գործերը չպետք է քննվեն ամեն շաբաթը մեկ կամ երկու անգամ: Նման գործերի պարագայում դատավորը պետք է ազատվի ամեն տեսակի գործերից, ծանրաբեռնվածությունից, դատական նիստերը պետք է կայանան առավոտից մինչև երեկո: Այս ամենի համար պետք է պատշաճ ժամանակ տային նախապատրաստական աշխատանքների համար: Նման պարագայում մենք 2-3 ամսում կավարտեինք այս գործի քննությունը: Իսկ այսպես գործերը բաժանած, առանձին վարույթներով, շաբաթական մեկ-երկու նիստով եթե 5 տարում ավարտվի այս գործի քննությունը, ապա կարելի է ուրախանալ»,- հավելեց Հայրապետյանը:
Մյուս կողմից՝ փաստաբանի խոսքով, գործի համաժամանակյա քննությունը իրենից բավականին մեծ բարդություն է ներկայացնում՝ 31 անձանց պաշտպանության իրավունքի իրականացումն ու նրանց բոլորի ներկայության ապահովումը դատական նիստի ժամանակ: Եթե այս տեսանկյունից չկար այդ հնարավորությունը, ապա պետք էր գործը՝ մասերի, իսկ մեղադրյալներին խմբերի բաժանել, ինչպես արվել է, բայց այն, ինչ որ այս գործի շրջանակներում արել են քննչական մարմինը և դատախազությունը, փաստաբանի խոսքով, աննորմալ է:
«Նրանք ոչ թե գործը բաժանել են օղակների ըստ նպատակահարմարության, այլ տեղի է ունեցել զուտ գործի քաղաքական բաժանում: «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվ անդամները, ովքեր ակտիվ են եղել խոսքի ազատության ոլորտում, բոլորի գործերը միացվել են իրար, անկախ այն բանից՝ իրենք եղել են օժանդակող, կատարող, թե պասիվ կատարող: Սա հստակ ապացուցում է, որ «Սասնա ծռերի» գործը քաղաքական ենթատեքստ ունի, և դա դրսևորվել է ամենասկզբից, գործն ուղղորդվել է և այդկերպ էլ բաժանվել»,- ասաց Հայրապետյանը:
Նա հավելեց, որ ՀՀ օրենսդրությամբ պատշաճ կարգով չի սահմանվում նաև գործերի բաժանման ընթացակարգը, ինչից ելնելով էլ քննչական մարմինները և դատախազությունը սեփական հայեցողությամբ, քաղաքական դրդապատճառներով գործերը բաժանում են մասերի՝ առանց հաշվի առնելու, թե որքանով է տվյալ ձևով արդյունավետ գործի քննությունը, կամ արդյոք գործից առանձնացված մասով անցնող մեղադրյալները նո՞ւյն արարքի համար են մեղադրվում, թե՞ ոչ:
Նշենք, որ բացի այս 31 անձանցից, ովքեր մեղադրվում են ՊՊԾ գնդի տարածքը գրավելու և դրանից հետո այլ հանցագործությունների համար, այս գործում ներգրավված է ևս 39 անձ, որոնց մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի տարածքը գրաված անձանց այս կամ այն կերպ օժանդակելու համար:
Նրանց փաստաբանների խոսքով՝ օժանդակողների գործը պետք է առանձին-առանձին քննվեր, քանի որ նրանք ընդհանուր օպերացիային չեն մասնակցել, և նրանց գործը 1-2 դատավարությամբ կարելի էր ավարտել: Օրինակ՝ «Սասնա ծռերից» 14-ի գործի շրջանակներում քննվում է Խաչատուր Գիշյանի գործը, ով մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին մեքենա տրամադրելու համար:
Նրա փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը ընդամենը պետք է պարզեր՝ Խաչատուր Գիշյանը մեքենա տրամադրե՞լ է, թե՞ ոչ, և իմացե՞լ է արդյոք, թե ինչի համար է տրամադրում այդ մեքենան: Բնավ պարտադիր չէր, որ Գիշյանը կալանավորվեր, 5 տարի մնար կալանավորված, որ հանկարծ 4 տարի 8 ամիս հետ պարզվեր՝ ինքը օժանդակե՞լ է գործին, թե՞ ոչ:
«Դա կարելի է պարզել ընդամենը մեկ դատական նիստով և ավարտել գործի քննությունը: Նույն վիճակում է նաև Կարո Եղնուկյանի գործը: Նա ներգրավվել է որպես օժանդակող՝ այն բանի համար, որ 2 րոպե հեռախոսազրույց է ունեցել խմբի անդամներից մեկի հետ: Սրա համար անձին տարիներ շարունակ կալանավորված պահելը խոշտանգում է, անմարդկային վերաբերմունք մեղադրյալի նկատմամբ պետության կողմից»,- ասաց փաստաբանը:
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի









































