Կոսովոյում օրենքի գերակայության և կարգուկանոնի Եվրամիության առաքելությունը (EULEX) հաստատել է իր աշխատակցի մահը Կոսովոյի հյուսիսում՝ Զվեչանի քաղաքապետարանի տարածքում, հաղորդում է RIA Novosti-ն:
«EULEX-ը վճռականորեն դատապարտում է վախկոտ բռնության այս գործողությունն իր աշխատակիցների հանդեպ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Առաքելությունը ցավակցել է մահացածի ընտանիքին և վկա դարձած տեղի բնակիչներին կոչ է արել հարձակման մասին տվյալներ իմանալու դեպքում հաղորդել պաշտոնատար անձանց:
EULEX-ը չի հաղորդել զոհվածի ինքնությունը: Զվեչանում հիմնականում բնակվում են սերբեր: Ոչ պաշտոնական տվյալներով՝ խոսքը Լիտվայի քաղաքացու մասին է:
Հարձակումը տեղի է ունեցել մոտ 07.30-ին: Անհայտ անձինք կրակ են բացել EULEX-ի ավտոմեքենայի վրա, որում եղել է վեց մարդ:










































