Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրների քաղաքացիներին թույլատրվել է գործող օրենսդրության համաձայն՝ Կատարում մնալ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կատարի ՆԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ երկրի իշխանությունները որևէ փոփոխություն չեն նախատեսում «եղբայր և բարեկամ երկրների քաղաքացիների հանդեպ իրենց քաղաքականության մեջ, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները կամ նվազեցրել են դրանց մակարդակը Կատարի դեմ թշնամական արշավների հետևանքով»:
Երկուշաբթի Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման մեջ: Լիբիայի արևելյան մասի, Եմենի, իշխանությունները, նաև Մալդիվները, Մավրիտանիան, Կոմորյան կղզիները ևս ավելի ուշ հայտարարել են Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին:








































