Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց անկախության կայացման գործում հայոց եկեղեցու խաղացած դերի մասին: Նա հավաստիացրեց, որ երբ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին տարել է այդ դերը. «Եթե պատմականորեն գնանք դեպի Եղեռնի, Սարդարապատի շրջանը, կտեսնենք, թե ինչպես են հոգևորականները կանգնած եղել ժողովրդի կողքին»:
Նա ասաց, որ եկեղեցու դերը մի փոքր թուլացավ խորհրդային շրջանում, երբ աթեիզմ էր քարոզվում: Դրանից հետո կաթողիկոս Վազգեն Ա-ն վերափոխեց եկեղեցին, սակայն նրա մահից հետո ունեցանք վրիպման շրջան, քանի որ շատ կարճ ժամանակում երկու կաթողիկոս մահացավ: Այժմ եկեղեցին վերաշինման փուլում է:
«Այս երեսուն տարիների ընթացքում եկեղեցին փորձում է իր մեջքը շտկել: Շտապողականություն որոնել այս ճանապարհին, ես կարծում եմ՝ քար նետել է նշանակում այդ կառույցի վրա: Մեր կրոնավորներն ամենուր են, ժողովրդի կողքին են»,- ասաց քահանան:











































