«Առավոտ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիան է Հայաստանը ղեկավարում»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Անդրադառնալով ԱԺ-ում քվեարկության դրված և միաձայն ընդունված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին Արփինե Հովհաննիսյանի և կառավարության հեղինակած նախագծին՝ պարոն Իշխանյանը հիշեցրեց, որ մեզ մոտ ընտրություններն անցան համատարած ընտրակաշառքով, ուստի ժողովրդին կաշառք տված իշխանությունները չեն կարող պայքարել ընտրակաշառքի դեմ:
Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց, որ կոռուպցիան Հայաստանում ամենուր է. «Այդ մակարդակով է ղեկավարվում ամեն ինչ՝ և՛ գործադիր իշխանությունը, և՛ամբողջ դատաիրավական համակարգը: Բոլորը խոցելի են, բոլորը ղեկավարվում են, բոլորն էլ կոռուպցիայի մեջ են»:
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը հիմարություն համարեց. «Ազգային ժողովը պետք է օրենքներ ընդունի ՀՀ քաղաքացիների կյանքը կարգավորելու համար, այնինչ զբաղված է անմտությամբ: Պետությունը հենց նրա համար է, որ կոռուպցիա չլինի, իսկ եթե մեզ մոտ այդպես չէ, ապա հարկավոր է հայտարարել, որ սնանկ է մեր պետության իրավական համակարգը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:











































