Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր անում Առինջ գյուղի բնակիչ Արուսյակ Սահակյանը, ում որդին՝ Հովհաննես Հովհաննիսյանը, արդեն մեկ տարի է՝ գտնվում է կալանքի տակ:
Արուսյակ Սահակյանը պատմում է, որ որդուն անհիմն են պահում կալանքի տակ:
Նրա պատմելով՝ 2012-ի հոկտեմբերի 26-ին ոմն Արտյոմ Հակոբյան, որ վեցրերորդ անգամ գողության համար դատապարտված է և հիմա էլ կալանքի տակ է նույն պատճառով, հեռախոս է վաճառում: Որդին որոշում է գնել: Արտյոմը նախ գալիս է Հովհաննես Հովհաննիսյանի բնակարան, միասին հաց են ուտում, հետո Արտյոմը հայհոյում է, ինչի համար Հովհաննեսը ապտակում է նրան: Մայրը պատմեց, որ մինչև հիմա քննիչները թաքցրել են, որ Աևտյոմի մոտ դանակ է եղել, և դատի ընթացքում է պարզվել:
«Մեր տան մեջ հահոյում է որդուս, որդիս ասում է՝ ինչ իրավունքով ես հայհոյում: Սա դուրս է գալիս, գնում Ավանի ոստիկանության բաժանմունքում ասում, որ որդիս խփել է իրեն, հետո Նոր Նորքի բաժին են տանում: Հայհոյանքի ընթացքում իրար չեն վիրավորել, տղաս մի ապտակ է տվել, ընդամենը»,- ասաց նա:
Նա նշեց, որ թոռնիկն արդեն առաջին դասարան է գնում և կակազում է այն բանից հետո, երբ այդքան ոստիկան է տեսել իրենց տանը ու վախեցել:
Արդեն 14-րդ դատն է, սակայն դատական նիստերը հաճախ են հետաձգվում. սկզբում Արտյոմին չէին կարողանում դատարան բերել, քանի որ նա գողություն էր արել, որի համար կարճ ժամանակ անց ազատ են արձակել, հիմա էլ Արտյոմի մորը՝ Ժենյա Հակոբյանի պատճառով է դատական նիստը հետաձգվում:
Հովհաննես Հովհաննիսյանի մայրը պատմեց, որ որդին արդեն մեկ տարի է՝ ՔԿՀ-ում է, ունի հոգեկան խնդիրներ:
«Սա տասը հազար դոլարանոց գործ էր, դրա համար այսօր համակարգը ջիպերով է ման գալիս, իսկ քյասիբը՝ 06-ով»,-ասաց նա:
Անցյալ շաբաթ, Արուսյակ Սահակյանի պատմելով, անձամբ է գնացել ոստիկանություն դիմել, սակայն ապարդյուն:
«Որևէ տեղաշարժ չկա. հետաձգվեց 3 ամիս, 15 օր նորից մեկուսարանում պետք է մնա, հանուն ինչի՞»,- հուզված ասում է Ա. Սահակյանը:
Նա զարմանում է. մի՞թե այդքան դժվար է գտնել Ժենյա Հակոբյանին. «Ծերեթելիից օրական 15 մարմնավաճառի են բերում-տանում, մի մարմնավաճառի մի՞թե չեն կարողանում բերման ենթարկել»:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դիմած ցուցապաստառում գրված է. «Որդուս դատը հետաձգվեց իրենց սարքած գործի վկա Ժենյա Հակոբյանին 4-րդ անգամ բերման չենթարկեցնելու պատճառով»:





































