Քվեարկության նախնական տվյալների հիման վրա ավելի քան 200 կանայք են տեղեր ստացել բրիտանական խորհրդարանում. դա գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ռեկորդային թիվ է, որոնք, ընտրությունների արդյունքներով, հայտնվել են օրենսդիր մարմնում: Այս մասին հայտնել է Daily Telegraph թերթը:
2015 թվականին անցկացված նախորդ ընտրությունների արդյունքներով՝ կանայք ստացել էին 191 խորհրդարանական տեղ, լրացուցիչ ընտրություններից հետո ստորին պալատում նրանց թիվն ավելացել էր մինչև 196:
Հունիսի 8-ին կայացած քվեարկության արդյունքներով՝ խորհրդարանում իր տեղը, մասնավորապես պահպանել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ամբեր Ռադը՝ վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյի մերձավոր կողմնակիցներից մեկը: Միացյալ Թագավորության խորհրդարանում տեղ է ստացել նաև սիկհերի ներկայացուցիչ Փրիթ Ջիլը, որը Լեյբորիստական կուսակցությունից առաջադրվել էր Բրիմինգհեմի ընտրատարածքներից մեկում։






































