«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները պետք է հարգեին բնակիչների կողմից իրենց տրված քվեն և ներկա լինեին Երևանի ավագանու առաջին նիստին: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առաջին նիստին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների բացակայությանը, այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Ավելի արդյունավետ կլինի, որ ավագանու անդամները մասնակցեն նիստերին և պաշտպան կանգնեն այն քվեին, որը ստացել են և ներկայացնեն Երևանի առաջիկա 5 տարիների կառավարման իրենց ծրագրերն ու մոտեցումները: Եթե Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը կունենան լավ առաջարկներ, մենք հանուն մեր քաղաքի պատրաստ ենք քննարկել դրանք»,-ասաց Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետի գնահատմամբ՝ Երևանի ավագանու առաջին նիստը բավական հանգիստ անցավ:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ բոյկոտել էին Երևանի ավագանու երրորդ գումարման նիստն ու բողոքի ալիք էին բարձրացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Լուսանկարը՝ Photolure-ի










































