Դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների ամենամեծ թվաքանակով մարզի` Գեղարքունիքի ղեկավարը` Ռաֆիկ Գրիգորյանը, դեմ չէ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Նա լիովին կիսում է իր ներկայացրած քաղաքական ուժի` ՀՀԿ-ի դիրքորոշումը: «Կոնկրետ էն դիրքորոշումը, որը որ ունի Հանրապետական կուսակցությունը, էն էլ ես ունեմ: Այո, ես կողմ եմ, ինչու ոչ: Էն արտաքին քաղաքականությունը, որը որ իրականացնում է հանրապետության նախագահը, կարծում եմ, որ ճիշտ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
Հակառակ պնդումներին, թե որևէ քննարկում չի եղել Մոսկվա մեկնելուց առաջ, Գրիգորյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվա մեկնելուց առաջ Հանրապետական կուսակցության հետ քննարկել է Մաքսային միությանն անդամակցության հարցը: «Որքան էլ որ մամուլը գրի, որ խնդիրը չի քննարկվել ՀՀԿ-ում, դա ճիշտ չէ: Խնդիրը քննարկվել է, և Հանրապետական կուսակցությունն արտահայտել է իր դիրքորոշումը»,- ասաց մարզպետը: Մեր ճշտող հարցին՝ ինքն անձամբ մասնակցե՞լ է այդ քննարկումներին`մարզպետն արձագանքեց. «Գիտեք, դա արդեն կոռեկտ հարց չէ: Եթե բարձրաձայն հայտարարում եմ այդ մասին, ուրեմն դա համապատասխանում է իրականությանը»:
Իսկ ի՞նչ կտա Մաքսային միությունը Հայաստանին, մարզպետը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ դեռ վաղ է, կապրենք կտեսնենք: «Բայց կարծում եմ՝ դրական կանդրադառնա»: Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Սերժ Սարգսյանը Մաքսային միություն մտնելու որոշումը կայացրել է Ռուսաստանի կողմից կիրառված ճնշումների ներքո, Գրիգորյանն արձագանքեց. «Դա նույնպես խոսում է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության մասին: Ցանկացած մեկը կարող է իր կարծիքն արտահայտել, բայց վերջնական խոսքը մեր Սահմանադրությամբ իշխող կուսակցությանն է և ՀՀ նախագահինը: Ինչ կտա-կտա, ժամանակ ունենք, կտեսնենք, կանդրադառնանք»:











































