Ձերբակալվել է Մցխեթ-Մտիանեթի նախկին նահանգապետ, գործարար Ցեզար Չոչելին և էկոնոմիկայի նախկին նախարար Դավիթ Գիորգաձեն:
Ինչպես նշել են ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, նրանց մեղադրում են հանցագործ ճանապարհով մեծ չափերի պետական ունեցվածքի յուրացման և ապօրինի եկամուտների օրինականացման մեջ:
«Հետաքննությունը պարզել է, որ 2010-ի հունիսի 29-ին «Վրացական երկաթգիծը» տենդեր է հայտարարել 471 հզ. երկաթգծային բաղադրամասերի գնման վերաբերյալ, որոնց ընդհանուր արժեքը 76 798 074 լարի է: Այդ բաղադրամասերն արտադրող միակ վրացական գործարանը գտնվում էր պետության վերահսկողության ներքո: Այդ տենդերում անհիմն կերպով բարձրացվել էր դրանց արժեքը 27-163,8 լարիի, ինչը տենդերը շահած ընկերությանը 12 մլն լարիի հավելյալ եկամուտ է բերել: Այդ տենդերով հետաքրքրվել է Ցեզար Չոչելին, ով այդ եկամուտին տիրանալու համար որոշել էր ձեռք բերել գործարանը որքան հնարավոր է ցածր գնով: Այդ կապակցությամբ նա կապ է հաստատել Դավիթ Գիորգաձեի հետ և պայմանավորվել է գործարանը ձեռք բերել առավելագույն ցածր գնով: Վերջնական արդյունքում Չոչելին ապօրինաբար ձեռք է բերել պետական ունեցվածքը 19 696 764 լարի արժեքով, որը մինչ օրս գտնվում է նրա տնօրինման տակ»,- հայտարարել են քննչական ծառայությունում:






































