Thursday, 25 06 2026
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին

Սերժ Սարգսյանի այցը Կատար համաձայնեցվել էր Մոսկվայի հետ

Դիմակայության մեջ մտնելով Սաուդյան Արաբիայի հետ՝ Կատարի պետությունն ուզում է ցույց տալ, թե կարող է այլ դաշնակիցներ գտնել՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի, թեև Ռուսաստանը չի կարող իրական այլընտրանք լինել Միացյալ Նահանգներին Կատարի համար: Ինչ վերաբերում է ամերիկյան քաղաքականությանը, ապա դեմոկրատները և հանրապետականները տարբեր կերպ են նայում հարցին, թե ո՞ր երկիրը պիտի լինի ԱՄՆ-ի դաշնակիցը Մերձավոր Արևելքում: Օբամայի դեմոկրատական վարչակազմի օրոք ամերիկացիները շեշտը դրել էին Կատարի վրա, Թրամփի վարչակազմը, սակայն, ավելի շատ կողմնորոշված է դեպի Սաուդյան Արաբիա, ինչը փաստորեն ազդել է ընդհանուր իրավիճակի փոփոխության վրա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման մեկնաբանություն է տվել The National Interest, Forbes, The Hill, American Thinker պարբերականների փորձագետ, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը՝ խոսելով Կատարի շուրջ վերջին զարգացումների մասին:

Փորձագետը անդրադարձել է նաև այս իրադարձությունների հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Կատար չէր կարող համաձայնեցված չլինել Մոսկվայի հետ:

– Արեգ, ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և մասնավորապես նախագահ Թրամփի կողմից Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների խորացման վրա շեշտադրումը ազդեցի՞ն Պարսից ծոցի տարածաշրջանում ուժերի դասավորության կամ  հավասարակշռության վրա:

–  Միացյալ Նահանգներում միշտ էլ տարբեր կառավարություններ տարբեր վերաբերմունք են ունեցել Մերձավոր Արևելքում ամերիկյան դաշնակիցների նկատմամբ: Դեմոկրատների վերջին կառավարությունը՝ Օբամայի վարչակազմը, հետևողականորեն զարգացնում էր ռազմավարական գործընկերություն Կատարի հետ, հիմնական խաղադրույքն արվում էր Կատարի վրա: Պատճառները տարբեր են: Օրինակ՝ կատարյան հիմնադրամները մեծ գումարներ են ներդնում Դեմոկրատական կուսակցության օգտին: Կատարի լոբբիստները ավելի հաջող են աշխատում դեմոկրատամետ լոբբիստական ընկերությունների հետ: Կոնգրեսի, ինչպես նաև նահանգների մակարդակով գործող շատ դեմոկրատների ընտրական քարոզարշավներում առկա են լինում այն փողերը, որոնք գալիս են քաղաքական տարբեր հիմնադրամներից, որոնց ներդրումներն անում է հենց Կատարը: Այդ պատճառով էլ դեմոկրատներն ավելի շատ կողմնորոշված էին դեպի Կատար, իսկ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ վատացել էին: Մասնավորապես, Օբամայի նախագահության շրջանում չեղարկվել են մեծ թվով գործարքներ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների միջև, որոնք պատրաստվել էին Բուշ կրտսերի կառավարման տարիներին: Օբամայի վարչակազմի օրոք դեմոկրատները սկսեցին քննադատել մարդու իրավունքների հարցով Սաուդյան Արաբիային, բայց Կատարին որևէ բան չէին ասում, բոլոր հարվածները գնում էին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, ինչը խոսում էր տվյալ վարչակազմի որոշակի առաջնահերթությունների մասին: Այսպիսով, Կատարը Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն էր տարածաշրջանում, հետևաբար նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմավարության մշակման ուղեկիցը, ուստի Կատարին շատ բան էր թույլատրվում, այդ պատճառով Կատարի մոտ առաջացան բավական մեծ հավակնություններ տարածաշրջանում: Նրանք կարծում էին, որ եթե լուրջ դաշնակիցներ ունեն Վաշինգտոնում, ապա կարող են բացահայտ մարտահրավեր նետել Ծոցի մյուս միապետություններին և իրենց ինքնուրույն խաղը խաղալ Մերձավոր Արևելքում: Նրանց այդ ինքնավստահությունը ամրապնդվում էր նաև այն հույսով, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը, այնուամենայնիվ, Հիլարի Քլինթոնը կլինի: Եթե ընտրվեր դեմոկրատների թեկնածուն, ապա այսօր Կատարը կրկին կլիներ առաջատար դիրքերում: Բայց հաղթեցին հանրապետականները, որոնք բոլորովին այլ առաջնահերթություններ ունեն: Հանրապետականները խաղադրույք են անում Սաուդյան Արաբիայի վրա: Պատճառն այն չէ, թե Սաուդյան Արաբիան ավելի լավ դաշնակից է իրենց համար, այլ այն, որ հանրապետականները փորձում են ձևավորել մերձավորարևելյան դաշնակիցների ընդհանուր մի վեկտոր: Հանրապետականները միշտ էլ համակարգային մոտեցում են ցուցաբերել նման հարցերին՝ չանտեսելով դաշնակիցներից որևէ մեկին և չգերագնահատելով մյուսին, և քանի որ Կատարը այս իմաստով մի քիչ դուրս էր եկել վերահսկողությունից, նրան հիմա հարկավոր է սանձել, կոպիտ ասած՝ պետք է ցույց տալ, որ անհրաժեշտ է հետևել որոշակի կանոնների, մեկ ընդհանուր քաղաքական ուղղության: Հանրապետականները շատ պարզ հասկացնում են, որ տարածաշրջանում կան ընդհանուր դաշնակցային շահեր, և հարկավոր է այդ ուղղությամբ շարժվել, որպեսզի հնարավոր լինի հավասարակշռել իրադրությունը տարածաշրջանում և վերականգնել Միացյալ Նահանգների դիրքերը Մերձավոր Արևելքում, որոնք վերջին տարիներին լուրջ հարվածներ են ստացել: Հետևաբար այս իրավիճակը թելադրված է և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով:

ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը հայտարարել է, որ Ամերիկան կարող է քննարկել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու հարցը: Սա շատ լուրջ է, քանի որ երկար ժամանակ Ամերիկայում դիմակայություն էր ընթանում այդ հարցի շուրջ, թե՝ պե՞տք է արդյոք «Մուսուլման եղբայրները» ճանաչվի ահաբեկիչներ, թե՞ ոչ: Օբամայի վարչակազմը դեմ էր դրան, նա օժանդակեց հեղաշրջմանը Եգիպտոսում, ինչի հետևանքով իշխանության եկավ «Մուսուլման եղբայրները»՝ Մուրսիի գլխավորությամբ, որից հետո հեղաշրջում արեցին զինվորականները՝ տապալելով Մուրսիի իշխանությունը: Բայց հիմա, երբ հանրապետականները վերահսկում են Սպիտակ տունը, Կոնգրեսը, ունեն զգալի առավելություն նաև Գերագույն դատարանում, կարող են վերջապես «Մուսուլման եղբայրներին» ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Ինչո՞ւ է սա նրանց պետք. որովհետև Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հիմնական նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է, հետևաբար արմատական կամ ծայրահեղական բոլոր կազմակերպությունները կարող են հայտնվել այդ ցուցակում, որպեսզի հետո միջազգային հանրությունը չկարողանա մեղադրել ամերիկացիներին, թե Միացյալ Նահանգները ծայրահեղականների մի մասին համարում է ահաբեկիչներ, մյուսներին աջակցում է: Կոնկրետ այս պահին երկակի չափանիշները կարող են վնասել ամերիկյան շահերին: Եթե նրանք կարգի չբերեն իրենց քաղաքականությունը և իրենց դաշնակիցներին Մերձավոր Արևելքում, կարող են շատ լուրջ պարտություն կրել: Նկատի ունեմ քաղաքական պարտությունը, և ընդհանրապես Մերձավոր Արևելքում Ամերիկայի ներկայությունը կարող է հարցականի տակ դրվել:

– Ի՞նչ առնչություն ունի այս գործընթացներին Ռուսաստանը: Ըստ էության, կոնֆլիկտը Կատարի և սաուդցիների գլխավորած խմբավորման միջև սկսվել է Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցելությունից և Ռիադում ամերիկացիների և սաուդցիների ջանքերով կազմակերպված գագաթնաժողովից հետո, որի ընթացքում խիստ քննադատություններ հնչեցին Իրանի հասցեին: Դրանից մոտ մեկ շաբաթ անց Կատարի էմիրի անունից տարածվել է հայտարարություն, ըստ որի՝ նա աջակցություն է հայտնել Իրանին, խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը կարո՞ղ է ինչ-որ կերպ ներգրավված լինել այս իրադարձություններին, կամ հնարավո՞ր է՝ առաջիկայում տեսնենք որոշակի առճակատում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հենց այս դաշտում:

– Ինձ թվում է, որ այստեղ ոչ այնքան ռուս-ամերիկյան, որքան տարածաշրջանային կոնֆիգուրացիայի հարցն է: Որքան ես եմ հասկանում՝ այստեղ գործում է «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» սկզբունքը, որովհետև Մերձավոր Արևելքում ռուսական շահերի գլխավոր հակառակորդը, այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիան է: Այսօր Սաուդյան Արաբիան լուրջ խնդիրներ ունի Կատարի հետ, հետևաբար Կատարը դաշնակիցներ է փնտրում Սաուդյան Արաբիային դիմակայելու համար: Բնականաբար, եթե Ռուսաստանի և Կատարի կամ Ռուսաստանի, Իրանի և Կատարի շահերը համընկնում են, ստեղծվում է որոշակի եռանկյուն: Ամենայն հավանականությամբ Կատարի վարքագիծը շատ պարզ բացատրություն ունի, որ նա հիմա ճնշման տակ է գտնվում, ինչը ստիպում է նրան ստեղծել պատրանք, թե Կատարը կարող է նաև այլ դաշնակիցներ գտնել և նրանց հետ առաջ տանել իր շահերը: Իմ կարծիքով՝ այդ հայտարարությամբ Կատարը փորձել է ստուգել Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և իր ավանդական մյուս դաշնակիցների արձագանքը: Կատարն ուզում է ցույց տալ, թե ունի «պլան Բ», և իր վրա դժվար է ճնշում գործադրել կամ ուղղորդել իրեն:

Ամեն դեպքում կարծում եմ, որ Կատարը փորձում է պարզապես պատրանք ստեղծել, թե կարող է այլ դաշնակիցներ ձեռք բերել տարածաշրջանում, որովհետև Ռուսաստանը իրականում չի կարող այլընտրանք լինել Միացյալ Նահանգներին, քանի որ Միացյալ Նահանգները ռազմական շատ լուրջ ներկայություն ունի Կատարում, Միացյալ Նահանգներից է կախված Կատարի ազգային անվտանգությունը, և կատարցիները դա շատ լավ են հասկանում:

– Այս զարգացումները ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա, եթե հիշենք, որ նախորդ ամսվա կեսերին Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել էր Կատար՝ Կատարի էմիրի հետ քննարկելով Հայաստանի և Կատարի հարաբերությունների զարգացման հեռանկարները: Եվ այս այցից ընդամենը օրեր անց սկսվեցին այսպիսի զարգացումներ Կատարի շուրջ:

Կարծում եմ, որ ընդհանրապես Հարավային Կովկասի երկրները լուրջ ազդեցություն չեն ունենում Մերձավոր Արևելքում ուժերի դասավորության վրա: Չեմ կարծում, թե այդ այցելությունը քաղաքական լուրջ նշանակություն ուներ: Ի դեպ, այդ այցը կարելի է դիտարկել հետևյալ տեսանկյունից, որ Կատարը փորձում է երկխոսություն ձևավորել Ռուսաստանի հետ: Կատարն ուզում է ցույց տալ, թե ինքն ունի որոշակի այլընտրանքներ, բայց քանի որ առայժմ չունի անմիջական երկխոսություն Ռուսաստանի հետ, կարող է դա անել Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի միջոցով: Ռուսաստանի դաշնակցի հետ երկխոսությունը կարելի է համարել փոխհատուցում Մոսկվայի և Դոհայի միջև ուղիղ երկխոսության բացակայությանը: Հնարավոր է, որ տվյալ պարագայում հենց այս տրամաբանությունն է գործել, որովհետև Հայաստանը Եվրասիական միության, ՀԱՊԿ-ի անդամ է և Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը Հարավային Կովկասում: Անշուշտ հասկանալի է, որ առնվազն խելամիտ չէր լինի այցելություն կատարել նման երկրներ՝ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու: Հայաստանն անընդհատ խոսում է երկու երկրների տարածաշրջանային քաղաքականությունները կամ ինտեգրացիոն դիրքորոշումները համաձայնեցնելու մասին, և պարզ է, որ դժվար թե Հայաստանը միակողմանիորեն վերացներ վիզային ռեժիմը մի երկրի հետ, որին Ռուսաստանը ընդամենը մեկ շաբաթ առաջ համարում էր իր գլխավոր ռազմավարական մրցակիցը Մերձավոր Արևելքում: Կատարի և Ռուսաստանի միջև շատ լուրջ կոնֆլիկտ կար: Բայց քանի որ այդ այցը տեղի ունեցավ, կարծում եմ, որ դա այսպես թե այնպես համաձայնեցվել է Մոսկվայի հետ, և դա նորմալ է, որովհետև արտաքին քաղաքականության նմանատիպ լուրջ խուսավարումները ինքնուրույն չեն կատարվում: Հայաստանը հաշվի է առել, որ ինքն անդամակցում է Եվրասիական միությանը և ՀԱՊԿ-ին, իսկ Կատարի հետ վիզային ռեժիմի վերացումը այս կամ այն ձևով առնչվում է թե՛ առաջին և թե՛ երկրորդ կառույցին, շոշափում է թե՛ ռուսական և թե՛ եվրասիական շահերը: Մի խոսքով՝ այս ամենը սերտորեն փոխկապակցված են: Հարցի մյուս կողմերի մասին չեմ կարող խոսել, քանի որ տվյալ ոլորտի մասնագետ չեմ և դժվարանում եմ կոմպետենտ մեկնաբանություններ տալ հայ-կատարական կամ ռուս-կատարական հարաբերությունների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում