Գայանե Սողոմոնյանն` Իշխան Զաքարյանի կինը, այլևս Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը չէ: Այսօր նման որոշում է կայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ թեև ինքնին հասկանալի է, որ խնդիրը շոշափում է համակարգային շահեր, և արտաքուստ կադրային թվացող նման որոշումները կայացվում են համակարգի ամենաբարձր օղակներում:
Հայաստանյան պրակտիկան հաշվի առնելով` տրամաբանական կլիներ, եթե Սողոմոնյանը պաշտոնանկ արվեր շատ ավելի վաղ, երբ նրա ամուսինը հրաժարական տվեց Վերահսկիչ պալատի նախագահի «յուղոտ» պաշտոնից, որպեսզի գլխավորի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը: Այս տրամաբանությունը փաստորեն չի գործել (չնայած` Հայաստանը ժողովրդավարական երկիր չի դարձել), ավելին` այդ օրերին Տարոն Մարգարյանը հայտարարեց, թե Սողոմոնյանը պահպանելու է իր պաշտոնը, որովհետև իրենց թիմակիցն է: Հեռու ենք այն մտքից, որ Զաքարյանների ընտանիքում այնպիսի քաղաքական բազմակարծություն է, որ ամուսինն աշխատում է ընդդիմության, կինն` իշխանության համար: Մյուս կողմից` կասկածի տակ չենք կարող դնել քաղաքապետի անկեղծությունը, ու մնում է ենթադրել, որ Մարգարյանի ասած թիմը շատ ավելի ընդգրկուն հասկացություն է, որը չի սահմանափակվում միայն քաղաքապետարանով, նույնիսկ` ՀՀԿ-ով ու ամբողջացնում է մի ամբողջ համակարգ, որտեղ ՀՀԿ-ն իշխանություն է «աշխատում», իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ «ընդդիմություն»:
Նույն այս տրամաբանության մեջ` Զաքարյանը «գործուղվել» էր Ծառուկյանի մոտ` ընտրությունների ժամանակ նրան, հետևաբար նաև Սերժ Սարգսյանին, իր ապարատային հմտությամբ օգտակար լինելու համար: Այդ ժամանակ Զաքարյանի կինը ոչ միայն պաշտոնանկ չարվեց, այլ համակարգային տրամաբանությամբ նույնիսկ խրախուսվեց Մարգարյանի հիշատակված հայտարարությամբ: Այն, ի դեպ, ի թիվս այլ ազդակների, հրապարակային մեսիջ էր համակարգի միջին և ստորին օղակներին, որ Ծառուկյան Գագիկը յուրային է և «արդարաբար» իր փայն ունի վարչական ռեսուրսի համակարգում:
Հիմա արմատապես իրավիճակ է փոխվել: Իշխան Զաքարյանին նայում են դավաճանի աչքով: Նա ոչ միայն խորհրդարանի փոխնախագահ չդարձավ, այլ, ըստ ամենայնի, կզրկվի մանդատից: Կնոջն էլ ցուցադրաբար հեռացրեցին աշխատանքից, որովհետև Ծառուկյանը սուբյեկտ է, որի հետ Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն ունի իշխանության ձևավորման հարցում և այդ սուբյեկտի դեմ դավադրությունը համարում է ոտնձգություն իր անձի ու հեղինակության դեմ:









































