Սիրիայի կառավարական բանակի հետ բախումների ժամանակ առաջին անգամ սպանվել է Իսրայելի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով զոհվածի հորը:
Մուեյդ Աղբարիան (արաբական ծագում ունեցող իսրայելցի) բնակվել է Մուշիրֆա գյուղում՝ տեղակայված Իսրայելի հյուսիսում: Ինչպես ասել է սպանվածի հայրը՝ նա Սիրիա պատերազմի է մեկնել ոչ մենակ, այլ երկու երիտասարդների ընկերակցությամբ, որոնք բնակվել են մոտակա արաբական գյուղերից մեկում:
Զոհվածի հարազատները հաղորդել են, որ շատ են զարմացել՝ իմանալով, որ Աղբարիան Սիրիայում մասնակցում է մարտական գործողություններին, քանի որ նա միշտ եղել է «շատ հանգիստ և բարեպաշտ մարդ»:
Չնայած Աղբարիան առաջին իսրայելցին է, որ զոհվել է Սիրիայի պատերազմում, նրա հայրենակիցները նախկինում ևս գնացել են այնտեղ: Իսրայելի կառավարությունը, վախենալով արաբ երիտասարդության ծայրահեղականացման հեռանկարից, արգելել է իր քաղաքացիներին մասնակցել սիրիական հակամարտությանը: Նման կամավորներից մեկը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ Իսրայել վերադառնալուց հետո:






































