Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած համապետական հանրահավաքը առաջ է բերել մեծ սպասում: Ընդդիմության այսօրվա ասելիքի և անելիքի, կամ անելիքի մասին ասելիքի շուրջ դատողությունից և հարցադրումներից բացի՝ թերևս ժամանակն է բարձրացնել մեկ այլ հարցադրում` սպասելիքը:
Ո՞րն է ընդդիմության այսօրվա հանրահավաքից սպասելիքը:
Կա քաղաքական մի ուժ, որն աներկբա տնօրինում է այդ դաշտի ընդդիմադիր տարածությունը: Բայց այդ քաղաքական ուժի դիմաց կա նաև հասարակություն, քաղաքացի, որն այդ տնօրինությանն ականատես կամ ունկնդիր լինելուց բացի, նաև ինչ-որ բան է սպասում այդ քաղաքական ուժից: Ընդ որում` սպասում ասվածը, թերևս, վերաբերում է նախևառաջ խոսքին, գուցե առավելապես կամ հենց գլխավորապես՝ խոսքին: Գործողությունների մասին պետք է խոսել խոսքից հետո, քանի որ քաղաքականության մեջ հենց խոսքն է գործողությունների շարժիչը:
Ահա այդ իմաստով շատ կարևոր, բայց թերևս մինչ այժմ երբեք չբարձրաձայնված հարցադրում է, թե իսկ ի՞նչ է սպասում հասարակությունը, քաղաքացին ընդդիմությունից, մասնավորապես այսօրվա հանրահավաքին: Տվյալ պարագայում հասարակություն կամ քաղաքացի ասելով՝ նկատի չունենք այն շերտին, որն ընդդիմության անվերապահ համակիրն է և սպասման իմաստով հենց միայն ընդդիմության ու նրա առաջնորդների հարթակի վրա լինելու փաստով արդեն իսկ բավարարված սպասում է:
Սակայն քաղաքական անհեռատեսություն և քաղաքական անգրագիտություն կլինի չնկատելը, որ կա հասարակության ոչ պակաս մի շերտ, որի համար քաղաքականությունը շատ ավելի պրագմատիկ դիտարկման նյութ է, և մարդիկ գերադասում են առաջնորդվել նրանով, թե ինչ է իրենց տվյալ պահին առաջարկում տվյալ քաղաքական ուժը խնդիրների կոնկրետ լուծման կամ կոնկրետ դիտարկման տեսանկյունից: Ահա, ինչ է սպասում հասարակության այդ կարևոր շերտը ընդդիմության հանրահավաքից, ինչ խոսք է ակնկալում լսել:
Շատ հաճախ հասարակությունն ինքը կդժվարանա ձևակերպել իր սպասումը, բայց քաղաքական ուժի հմտությունն այն է, որ թե՛ իրավիճակի գնահատման համարձակ պրագմատիզմի, թե՛ մարդկային ինտուիցիայի շնորհիվ կարողանա ընկալել հանրային այդ սպասումը և ներկայացնել մի խոսք, որը լսելուց հետո հանրության մոտ այլևս կասկած չի լինի, որ հենց այդ խոսքին էր ինքը սպասում:








































