Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պաղեստինցիների հետ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում կպահպանի ռազմական վերահսկողությունը Հորդանան գետից արևմուտք ընկած բոլոր հողերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք խաղաղության ենք ձգտում մեր հարևանների հետ, իսկական խաղաղության, խաղաղության, որը կպահպանվի սերունդներ։ Այդ իսկ պատճառով կարգավորման ցանկացած տարբերակի պարագայում կամ առանց դրա կպահպանենք ռազմական վերահսկողությունը Հորդանան գետից արևմուտք ընկած ողջ տարածքի նկատմամբ»,-նշել է Նեթանյահուն։
Նա կրկնել է պաղեստինցիներին հասցեագրված պահանջը՝ ճանաչելու Իսրայելը հրեա ժողովրդի պետություն։
«Այդպիսին են խաղաղության հիմքերը, և դրանց մերժումն այն է, ինչը խանգարում է հասնել խաղաղության»,-հավելել է վարչապետը։
«Մենք հարգում ենք մեր դաշնակիցներին, մեր մեծ բարեկամ ԱՄՆ-ին, ում աջակցությունը մենք բարձր ենք գնահատում, սակայն փորձությունների պահին մենք պետք է պատրաստ լինենք հզոր, նույնիսկ մահացու հարված հասցնելու նրանց, ովքեր կձգտեն մեզ վնասել»,-ասել է Նեթանյահուն։










































