Գյումրու ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամներն այսօր մասնակցել են Գյումրու ավագանու նիստին։ Թեպետ, հիշեցնենք՝ Գյումրիում այս կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ի և ԳԱԼԱ-ի հետ համատեղ որոշել էր բոյկոտել նիստերն այնքան ժամանակ, մինչև սպառվեին դատական ատյանները և Սամվել Բալասանյանի «բոնուսով» քաղաքապետ դառնալու հարցը վերջնականապես չպարզաբանվեր։
Մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ս. Բալասանյանի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանը ՀՎԿ ավագանու անդամներին, նիստերին մասնակցելու դիմաց խոստացել է ամսական վճարել 300.000 դրամ։
Կդադարեցնի՞ ՀՎԿ-ն բոյկոտը նաև հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում, առայժմ անհայտ է։ Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վստահություն էր հայտնել, որ ավագանու նիստերի հարցը կլուծվի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական ուժերն այլևս խնդիր չեն ունենա հասարակությանը համոզել իրենց ընդդիմադիր լինել-չլինելու մեջ։
Վանաձորի խնդիրը շատ ավելի սպեցիֆիկ է այն առումով, որ եթե ՀՎԿ անդամները դրժեն խոստումը և մասնակցեն նիստին՝ ըստ էության կխոստովանեն, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի օգտին հենց իրենց կուսակցության 4 ավագանիներն էին քվեարկել։ ՀՎԿ լրատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու Էդգար Առաքելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Վանաձորի հետ կապված որոշման փոփոխություն չկա։
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՎԿ-ի Վանաձորում՝ բոյկոտը դադարեցնել-չդադարեցնելու վերաբերյալ տեղեկություն չունի. «Վանաձորի և Գյումրու ավագանիների բոյկոտի հիմքերը տարբեր են։ Չեմ կարծում,թե Գյումրու մասնակցության որոշումը կապ ունի Վանաձորի հետ և պետք է զուգահեռ անցկացնել։ Ամեն դեպքում՝ հայտարարություն չեմ լսել այդ մասին»,- ընդգծեց Մարուքյանը։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի բացառում, որ ՀՎԿ-ն կարող է որոշել դադարեցնել բոյկոտը նաև Վանաձորում՝ այդպիսով լեգիտիմացնելով քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի աշխատանքը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Համբարյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՎԿ-ն դուրս մնաց քաղաքական ասպարեզից և այսկերպ «վերակենդանանալու» փորձեր է անում։ «Կոնկրետ Գյումրիի մասով՝ ասեմ, որ ես ի սկզբանե դեմ եմ եղել բոյկոտի գաղափարին՝ չկա ընդդիմություն, չկան սուր հարցեր ավագանու նիստերի ժամանակ և բոլոր որոշումները Կոմկուսի «պոլիտբյուրոյի» նիստերի նման՝ ձեռք բարձրացնելով կողմ էին քվեարկում։ Բայց ՀՎԿ-ն, հատկապես Մարտի մեկի հայտնի իրադարձություններից հետո, հասարակության մոտ ասոցացվել է որպես մի ուժ, որն ամբողջությամբ վերահսկվել է իշխանությունների կողմից, հետևաբար այս որոշումից ես զարմացած չեմ և չեմ էլ զարմանա, եթե նույնը կրկնվի նաև Վանաձորում»,- ասաց Համբարյանը։
Համբարյանը հավելում է՝ Վանաձորում անկախ նրանից, թե ինչ պատճառաբանությամբ ՀՎԿ անագանու անդամները որոշում կկայացնեն մասնակցել նիստերին՝ կբացահայտեն, որ 4 «դասալիքները» հենց իրենք են եղել։ «Գյումրին և Վանաձորը մի փոքր տարբեր են։ Չմոռանանք, որ Գյումրիում նախընտրական շրջանում բավականին լարված էին ՀՎԿ-ի և Բալասանյանի թիմի հարաբերությունները։ Քարոզարշավի վերջին օրը, չմոռանանք, որ Բալասանյանի ստեղծած ֆեյք կուսակցություններից մեկի նախաձեռնությամբ տարածվեց այդ հայտնի «կաթի փոշու» տեսանյութը։ Ճիշտ է, գյումրեցիների մեծ մասը գիտի, թե դա ինչ պատմություն է, ինչպես է եղել, բայց այն որ երկու ուժերի միջև հարաբերությունները լարված են եղել՝ դա փաստ է։ Հիմա հարց է, թե ի՞նչ դիրքորոշում և ի՞նչ վարքագիծ կցուցաբերի այդ ուժը Գյումրու ավագանիում՝ կբարձրացնի՞ խնդիրներ, թե՞ կգործի իշխանության հովանու ներքո։ Վանաձորում այս առումով ակնհայտ է՝ եթե մասնակցեն, ապա կշարունակեն բոլոր հարցերով սատարել Մամիկոն Ասլանյանին»,- եզրափակեց Գ. Համբարյանը։







































