Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ընթանում է Հակոբ Արշակյանի գործի դատական քննությունը:
Հակոբ Արշակյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ի սահմաններում Հակոբ Արշակյանը ընկերոջ՝ Միքայելի հետ գնացել է Աբովյան քաղաքի «Օլե» ակումբ:
Նրանք զբաղեցրել են ակումբի սրահում գտնվող սեղաններից մեկը, օգտագործել են ոգելից խմիչք ու զվարճացել են մինչև գիշերվա ժամը 1-ն անց 30-ը:
Այդ ընթացքում Հակոբ Արշակյանը, ըստ մեղադրանքի, նկատել է, որ ակումբի սրահում մեկ այլ սեղանի մոտ անծանոթ աղջկա հետ նստած է իր ընկերներից՝ Սարգիսը:
Հակոբը տեղափոխվել է Սարգսի սեղանի մոտ, զվարճացել է նրանց հետ:
Ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Հակոբը վճարել է իրենց սկզբնական սեղանի հաշիվը և ցանկացել է դուրս գալ ակումբից: Դուրս գալու ժամանակ նա նկատել է, որ Սարգիսը մտնում է ակումբի տնօրեն Մամիկոն Գ.-ի աշխատասենյակ:
Հակոբը ցանկացել է իմանալ՝ ինչու է Սարգիսը մտել տնօրենի աշխատասենյակ, ինքն էլ է ներս մտել:
Պարզվել է՝ Սարգիսը բավական գումար չուներ սեղանի հաշիվը փակելու համար, նա խնդրել է տնօրենին, որ հաշիվը վճարի մի քանի օր հետո:
Հակոբ Արշակյանը, ըստ մեղադրանքի, անհարկի միջամտել է ընկերոջ ու ակումբի տնօրենի խոսակցությանը և վիրավորական արտահայտություններ է արել տնօրենի հասցեին, մասնավորապես՝ նրան ասել է. «Ի՞նչ կապիկություններ եք անում»:
Այդ արտահայտության պատճառով վեճ է առաջացել Հակոբի ու ակումբի տնօրենի միջև: Վեճին միջամտել է նաև տնօրենի ընկեր Հրաչյան:
Վիճաբանությունը շարունակելու համար չորսով տնօրենի աշխատասենյակից դուրս են եկել, գնացել են ակումբի բակ:
Այնտեղ Սարգիսը բռունցքով հարվածել է տնօրենի ընկեր Հրաչյային ու ասել է. «Հեսա գալու ենք, տես՝ ինչ ենք անելու»:
Ակումբի տնօրենը զայրացել ու պատասխանել է. «Ում հետ ուզում ես՝ արի»:
Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Արշակյանը վրդովվել է տնօրենի խոսքերից, նրան ասել է. «Էդ ի՞նչ ասելու բան էր, որ ասում ես»:
Նա տնօրենին առաջարկել է երկուսով առանձնանալ ու պարզաբանել տեղի ունեցածը:
Տնօրենը Հակոբի հետ առանձնացել է բակում:
Բայց Հակոբը պարզաբանելու փոխարեն դանակով երեք անգամ հարվածել է Մամիկոն Գ.-ի գլխի ու պարանոցի հատվածին:
Տուժողը ձախ ականջախեցու ծակած-կտրած, ձախ քունքային շրջանով գանգի խոռոչ թափանցող, գլխուղեղի ուղեղիկի վնասումով վնասվածքների ձևով ստացել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Նրան տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան:
Սակայն վերը թվարկված վնասվածքների հետևանքով տուժողի մոտ գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարում, օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորում է առաջացել:
Մամիկոն Գ.-ն առանց գիտակցության գալու երևանյան հիվանդանոցում մահացել է:
Հակոբ Արշակյանի խափանման միջոցը կալանավորումն է:







































