Շաբաթ օրը Լոնդոնում ահաբեկչությունների զոհ է դարձել 6 մարդ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Սքոթլանդ-Յարդի ղեկավարի տեղակալ Մարկ Ռոուլիին:
«Ներկայումս, ցավոք, մեր տեղեկությամբ 6 մարդ զոհվել է, բացի դրանից՝ ոստիկանությունը կրակելով սպանել է 3 հարձակվածի,- ասել է նա:- Մոտ 20 մարդ վիրավորվել է, նրանց թիվն աճում է»:
Իսկ Լոնդոնի շտապօգնության ծառայության կոմյունիկեում ասվում է, որ ահաբեկչությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 30-ի:
Ռոուլիի տեղեկությամբ՝ տեղեկությունները, որ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին Լոնդոնի կամրջի տարածքում, սկսել են ստացվել շաբաթ օրը մոտ 22:08-ին (մեր ժամանակով՝ կիրակի 01:08):
«Հետո ավտոմեքենան շարունակել է ընթացքը Լոնդոն-բրիջից դեպի Բորո-մարկետ շուկա: Կասկածյալները դուրս են եկել ավտոմեքենայից՝ փորձելով շատ մարդկանց սպանել, այդ թվում՝ հերթապահող տրանսպորտային ոստիկանության սպային, ով արձագանքել է կամրջի վրա տեղի ունեցածին: Նա ստացել է լուրջ, բայց, բարեբախտաբար, կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներ»,- ասել է նա:
Ռոուլին հայտնել է, որ կասկածյալների վրա մահապարտի գոտու նմանակներ են եղել, որոնք, ինչպես հետո պարզվել է, մուլյաժներ են եղել:










































