Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Բուդուրյանի գործի դատավարությունը:
26-ամյա, խնամքին 4 անձ ունեցող Սամվել Բուդուրյանը, ըստ մեղադրանքի, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակի» աշխատակից Արտյոմ Մխիթարյանի նկատմամբ ունեցած անբարյացակամ վերաբերմունքի պատճառով ցանկացել է ոչնչացնել նրա «Մերսեդես բենց E200» մակնիշի ավտոմեքենան:
Բուդուրյանը ապօրինի ձեռք է բերած ու ապօրինի կերպով իր մոտ պահվող, ռազմամթերք հանդիսացող 200 գրամ տրոտիլային պայթաղյուսից, հրապատիճ-դետոնատորից և հրահաղորդ լարից բաղկացած պայթուցիկ սարքը 2012 թվականի հուլիսի 21-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում տեղադրել է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ի վարչական շենքի հանդիպակաց մայթին գտնվող ավտոկայանատեղիում Մխիթարյանի կողմից կայանված «Մերսեդեսի» բեռնախցիկի տակ:
Նա պայթեցրել ու ոչնչացրել է այդ «Մերսեդեսը»՝ Արտյոմ Մխիթարյանին պատճառելով 2 միլիոն 860 հազար դրամի գույքային վնաս:
Պայթյունի ու դրանից առաջացած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել ու ոչնչացել են նաև այլ աշխատակիցների պատկանող մեքենաներ՝ ևս մեկ «Մերսեդես»՝ 2 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ, «Սուզուկի X-L7» մակնիշի մեքենա՝ 4 միլիոն դրամ արժողությամբ, «ՎԱԶ-210510» ավտոմեքենա՝ 361 հազար դրամ արժողությամբ:
Պայթյունի և դրա հետևանքով առաջացած հրդեհի հետևանքով Սամվել Բուդուրյանը, ըստ նախաքննական մարմնի, պատճառել էր ընդհանուր առմամբ՝ 9 միլիոն 621 հազար դրամի գույքային վնաս:
Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ գույք ոչնչացնելու՝ Բուդուրյանի դիտավորությունն ուղղված է եղել միայն Մխիթարյանի մեքենան ոչնչացնելուն, իսկ մյուս մեքենաներն այրվել են նրա կողմից դրսևորած անզգուշության, ինչպես նաև հյուսիսային ուժեղ քամու պատճառով տարածված հրդեհի հետևանքով:
Այդ մեքենաների ոչնչացումը Բուդուրյանը չէր նախատեսել: Դրա համար էլ դատարանը նրան մեղավոր է ճանաչել ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպիսի մեղադրանք առաջադրել էր նախաքննական մարմինը, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝Մխիթարյանին պատկանող գույքը պայթեցնելու եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու և խոշոր չափերի վնաս պատճառելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար:
Սամվել Բուդուրյանը վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի սեպտեմբերի 15-ից: Ըստ դատական ակտի՝ Բուդուրյանը հատուցել է Մխիթարյանին ու մյուս տուժողներին պատճառած վնասը:
Մյուս տուժողների գույքն անզգուշությամբ ոչնչացնելու և վնասելու, նրանց գույքային վնաս պատճառելու մասով Բուդուրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ամբաստանյալի կողմից այդ տուժողների հետ հաշտվելու, այդ տուժողների կողմից չբողոքելու հիմքով:
Դատավճիռը, սակայն, պատժի մասով բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ պահանջելով Բուդուրյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ոչ թե 3, այլ 5 տարի ազատազրկում:
Գործի վարույթը վերաքննիչ քրեական դատարանում է:










































