Երեքշաբթի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը ենթարկվել է ականանետային հարձակման:
Ինչպես հաղորդում է SANA սիրիական տեղեկատվական պետական գործակալությունը, հարձակման հետևանքով վնասվել են Հայ Կաթողիկե առաջնորդարանը և հարակից «Լույս» ու «Փարոս» վարժարանների շենքերը: Տուժածներ չկան:
Գործակալության փոխանցմամբ՝ Քասաա քրիստոնեական թաղամասում զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, վիրավորվել ավելի քան 30-ը: Արկերը պայթել են Բաբ Ալ-Սալամ փողոցի առևտրային կետերի մոտակայքում:
Ալ-Ամար թաղամասում արկն ընկել է մզկիթի մոտ, այստեղ վիրավորվել է հինգ մարդ: Աբբասյանների հրապարակում արկը պայթել է ֆրանսիական հիվանդանոցի շենքի մոտ, որի հետևանքով վիրավորվել է երկու երեխա:









































