Վերջին օրերին մամուլում տարբեր տեղեկություններ են հրապարակվում մի շարք երկրներում Հայաստանի նոր դեսպաններ նշանակելու մասին: Նշվում են տարբեր քաղաքական գործիչների, Ազգային ժողովի նախկին ու ներկա պատգամավորների, այլ ոլորտի ներկայացուցիչների անուններ, որոնք կարող են նշանակվել դիվանագիտական պաշտոնում:
Ընդհանրապես ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանի դիվանագիտությունը այս ոլորտում, կա՞ արդյոք դեսպանների կազմը փոխելու անհրաժեշտություն: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում՝ այսօր կա՞ դիվանագիտական կորպուսը ինչ-որ չափով վերակազմավորելու անհրաժեշտություն: Ի՞նչ սկզբունքներով պիտի կատարվեն նշանակումները: Ճի՞շտ է արդյոք քաղաքական գործիչներին դեսպանի պաշտոնում նշանակելը, թե՞ այդ պաշտոնում պիտի նշանակվեն բացառապես պրոֆեսիոնալ դիվանագետներ:
– Ընդհանրապես ոչ միայն մեզ մոտ, այլև համաշխարհային պրակտիկայում ընդունված երևույթ է քաղաքական նշանակումներ անել դեսպանների պաշտոնում: Օրինակ՝ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Օբամայի վարչակազմի դիվանագիտական կորպուսի մոտ 40 տոկոսը կազմում էին նախկին քաղաքական գործիչները, կոնգրեսականները, սենատորները, նահանգապետերը: Հիշում եք Ջոն Հանթսմանին, որը եղել էր նախագահի թեկնածու, և Բարաք Օբաման նրան նշանակել էր Չինաստանում ԱՄՆ դեսպան: Քենեդիների ընտանիքը շատ լուրջ ազդեցություն ուներ այս ոլորտում. Քենեդիների հայրը՝ Ջոն Քենեդին, ԱՄՆ դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Մի խոսքով՝ քաղաքական նշանակումները ընդունված երևույթ են: Հայաստանը բացառություն չէ այս առումով: Գիտեք, որ ունեցել ենք պաշտոնյաներ, ովքեր ՀՀ դեսպանի պաշտոնն են զբաղեցրել տարբեր պետություններում: Երկու նախկին վարչապետները՝ Արմեն Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը, նշանակվել են Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան: Ընդհանրապես նման նշանակումներով նաև ընդգծվում է երկու պետությունների հարաբերությունների կարևորությունը. եթե նախկին բարձրաստիճան պաշտոնյային ուղարկում ես կարևոր պետություն՝ որպես դեսպան, դա յուրահատուկ ուղերձ է դեսպանին հյուրընկալող պետության իշխանություններին:
Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ասեմ, որ դեսպանների ռոտացիան նույնպես ընդունված պրակտիկա է: Օրինակ՝ Միացյալ Նահանգները սովորաբար երեք տարին մեկ փոխում է իր դեսպաններին աշխարհի բոլոր երկրներում և միջազգային կազմակերպություններում: Ուստի այստեղ զարմանալի որևէ բան չկա: Ճիշտն ասած՝ չունեմ տեղեկություններ, թե որ պետություններում ովքեր պիտի նշանակվեն Հայաստանի դեսպաններ: Մամուլում ընդամենը մեկ-երկու հոգու անուն է շրջանառվել:
– Բայց դրա հետ մեկտեղ նաև ունեցել ենք և ունենք այնպիսի դեսպաններ Հայաստանի համար կարևոր պետություններում, որոնք ոչ միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ չեն, այլև որևէ առնչություն չունեն քաղաքականության և դիվանագիտության հետ կամ էլ նշանակվել են դեսպան քաղաքական ոլորտից, բայց արդյունավետ չեն աշխատում: Խոսքը, օրինակ, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանի, Վրաստանում Հայաստանի ներկայիս դեսպանի մասին է: Նմանատիպ նշանակումները ավելորդ ճոխություն չե՞ն Հայաստանի համար:
– Գիտեք, հաշվի առնելով դիվանագիտական ծառայության առանձնահատկությունը՝ շատ դժվար է գնահատել դիվանագետի աշխատանքի արդյունավետությունը: Դիվանագետի, այդ թվում՝ դեսպանի աշխատանքի արդյունավետությունը ընդամենը մի քանի հոգի կարող է տեսնել, հասկանալ և գնահատել: Բոլոր երկրներում էլ այդպես է՝ դեսպանների և դիվանագետների աշխատանքը ամբողջությամբ կարողանում են տեսնել միայն նրան նշանակող անձը, այսինքն՝ երկրի ղեկավարը, և արտաքին գերատեսչության ղեկավարը: Դիվանագետների աշխատանքը սովորաբար կարող է չերևալ, բայց դիվանագետների աշխատանքն ընդհանրապես բավական ծավալուն և ընդգրկուն է, որի ընդամենը մի հատվածն է տեսանելի հանրությանը, որովհետև այդ աշխատանքը բաղկացած է բանակցություններից, գաղտնի բանակցություններից, քննարկումներից, հետևողական աշխատանքից տարբեր կազմակերպություններում և այլն: Ուստի ճիշտ չեմ համարում ասել, թե որ դեսպանն է առավել արդյունավետ եղել իր պաշտոնում, իսկ որը՝ ոչ, քանի որ չեմ տիրապետում այդ դեսպանների կատարած աշխատանքի մասին տվյալներին: Անձամբ ես չեմ կարող նման գնահատական տալ և վստահ եմ, որ նման գնահատական ամբողջ հանրապետությունում կարող է տալ ընդամենը մեկ-երկու հոգի՝ արտգործնախարարը, փոխարտգործնախարարը, միգուցե նաև արտգործնախարարության որոշ վարչության պետեր և, իհարկե, պետության ղեկավարը:
– Ամեն դեպքում գոնե նրանց աշխատանքի արդյունքները պիտի տեսնենք, այդպես չէ՞:
– Ի՞նչ ենք հասկանում՝ արդյունք ասելով, ի՞նչ արդյունք պիտի տեսնենք: Դեսպանի աշխատանքի ո՞ր հատվածն ենք տեսնում, որպեսզի տեսնենք նաև դրա արդյունքը, նրա աշխատանքի արդյունավետությունը կամ դրա բացակայությունը:







































