Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջըլըն ներկայիս իշխանություններին կոչ է արել դադարեցնել սեփական հասարակության նկատմամբ իրականացվող թշնամական քաղաքականությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo.com-ը:
«Ադրբեջանում մարդիկ ապրում են վախի և խուճապի մթնոլորտում, առանց վաղվա օրվա նկատմամբ ունեցած որևէ երաշխիքի: Այդ պատճառով ամեն օր բազմաթիվ ինքնասպանությունների դեպքեր են գրանցվում»,- ասել է Հաջըլըն:
Արիֆ Հաջըլըի խոսքով` ներկայումս Ադրբեջանում ամենաազդեցիկ քաղաքացուց մինչև շարքային քաղաքացին հանգստություն, ազատություն և անվտանգություն չունի:
«Առանց ազատության և հանգստության երկրում երջանկություն լինել չի կարող»,- հավելել է նա:
Կուսակցության նախագահը նշել է, որ Ադրբեջանում ստեղծված այս իրավիճակի պատասխանատուն գործող իշխանություններն են, ովքեր հասարակության դեմ պայքարի և թշնամանքի քաղաքականություն են վարում:
«Վե՛րջ տվեք այս թշնամանքի քաղաքականությանը, քանի դեռ Ադրբեջանն իսպառ չի ոչնչացել»,- դիմելով երկրի իշխանություններին`պահանջել է Հաջըլըն:
Ադրբեջանում իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում ամրապնդելու նպատակով իշխանությունները շարունակական ձերբակալությունների և ճնշումների քաղաքականություն են վարում, ինչը հուսալքության է հասցրել այդ երկրի հասարակությանը:










































