ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին բարձրաստիճան աշխատակից Թոմաս Դրեյքը հայտարարել է, որ իր գերատեսչությունը ՀԴԲ-ի հետ համատեղ զանգվածային լրտեսում է իրականացրել Սոլթ-Լեյք սիթիում 2002 թվականին անցկացված ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Նրա հավաստմամբ՝ ԱԱԳ-ն հավաքել ու պահել է բոլոր SMS հաղորդագրություններն ու էլեկտրոնային նամակները, որոնք ուղարկվել են այդ շրջանում։ «ԱԱԳ-ի և ՀԴԲ-ի պաշտոնատար անձիք դիտարկել են Օլիմպիադան որպես հիանալի հնարավորություն՝ միավորելու երկու գործակալությունների ռեսուրսները՝ փորձարկելու և մշակելու զանգվածային հսկողական համակարգ»,-նշում է Դրեյքը։
ԱԱԳ օպերատիվ բաժնի ներկայիս ղեկավար Ուեյն Մերֆին հաստատում է, որ լրտեսումն իրականացվել է բացառապես օտարերկրացիների նկատմամբ, որոնցից մեկը կասկածվել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մեջ։







































