Կալիֆոռնիայի վեհաժողովն օրինագիծ է ընդունել, որը կոչ է անում Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող ֆինանսական օբյեկտներից բացառել Կալիֆորնիայի պետական միջոցները։ Դրա հետևանքով հարկատուների միջոցներն այլևս չեն ծառայի Հայոց ցեղասպանության ժխտման համար։
Օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշել է, որ երախտապարտ է Վեհաժողովին ընդունած որոշման համար։
Նիստի բացման ժամանակ Նազարյանն ընդգծել է, որ Թուրքիայի՝ Ցեղասպանությունը չճանաչելը խտրականություն է հայերի, հույների, ասորիների և այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, որոնք տառապել են Օսմանյան կայսրության տարիներին։ «Թուրքական կառավարական պարտատոմսերում Կալիֆոռնիայի ներդրումները անուղղակիորեն սուբսիդավորում են Ցեղասպանության ժխտումը»,-հայտարարել է նա։
Օրինագիծն առաջ է մղվել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևի և արևմտյան շրջանի Հայկական երիտասարդական դաշնության կողմից։
Օրենքն արգելում է Կալիֆոռնիայի պետական կենսաթոշակային համակարգի և Կալիֆորնիայի ուսուցիչների կենսաթոշակային համակարգի հանձնաժողովներին լրացուցիչ և նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են Թուրքիայի կառավարությանը կամ վերահսկվում դրա կողմից։ Կենսաթոշակային կազմակերպությունները պետք է բացառեն ցանկացած ներդրում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող դաշնային օրենքի ընդունումից հետո։










































