Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը մտադիր է սեպտեմբերի 18-ին կայանալիք նիստի ժամանակ կառավարությանն առաջարկել հավանության արժանացնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
«Վաղը կառավարությունը կքննարկի համաձայնագրի նախագիծը, հավանության կարժանացնի։ Ամեն դեպքում ես, որպես վարչապետ, առաջարկելու եմ կառավարությանը այն հավանության արժանացնել»,- ասել է նա՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության Եվրոպայի հարցերով վարչության պետ Դևիդ Լիդինգթոնի հետ Կիևում ունեցած հանդիպման ժամանակ:
Ազարովը նշել է, որ կառավարության հավանությունից հետո կսկսվի նոյեմբերի 28-29-ն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը։
«Մենք համագործակցության բավականին դժվար ճանապարհ ենք անցնելու, բայց լավատեսությամբ ենք նայում այդ գործընթացին: Մեզ համար դա մեծ կարևորություն ունեցող պատմական իրադարձություն է»,- նշել է ուկրաինացի վարչապետը:











































