2013թ. սեպտեմբերի 15-ին Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցել էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) և կինոփառատոնին (Eurasian International Film Festival):
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպումը կազմակերպել էր Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ողջույնի խոսքերով հանդես եկան ՂՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Սահակյանը, Ալմաթիի Սբ. Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մարկոս քահ. Սարգսյանը, Ղազախստանի հայերի «Նաիրի» միավորման նախագահ Արտուշ Կարապետյանը և ուրիշներ: Շառլ Ազնավուրը հետաքրքրվել է խազախահայերի պատմությամբ, ներկայով, հայապահպանության խնդիրներով, ներկայացրել է ԼՂ հիմնահարցի հայանպաստ կարգավորմանն ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկած իր ջանքերը: Նա այցելել է նաև Սբ. Կարապետ հայկական եկեղեցի:










































