Ռուսաստանը հերթական խմբաքանակ զենքը կվաճառի Ադրբեջանին: Սա ի պատասխան Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը անվտանգության ինչ-որ հարցերի լուծումով պայմանավորողներին: Փաստորեն, անվտանգության ոչ մի հարց էլ չի լուծվում, և Ռուսաստանը շարունակում է իր շահավետ բիզնեսը Ադրբեջանի հետ, որի համար շարունակելու են իրենց կյանքով վճարել սահմանին կանգնած հայաստանցի զինծառայողները:
Մաքսային միություն մուտքը, փաստորեն, Ռուսաստանին չկանգնեցրեց Ադրբեջանի հետ ռազմական առևտրից, ինչը ևս մեկ անգամ ընդամենը հստակ վկայեց, որ իրականում Ռուսաստանն Ադրբեջանի հետ զինա-սիրախաղ է անում ամենևին ոչ Հայաստանին Եվրամիության հետ համագործակցելու համար պատժելու նպատակով: Պատիժն այստեղ կապ չունի, Ռուսաստանը հստակ գիտի` ինչ է անում և ինչի համար է անում, և նույնիսկ այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարել է անդամակցության մտադրության մասին, Ռուսաստանը շարունակում է իր սպառազինության մատակարարումը Ադրբեջանին՝ առանց հաշվի առնելու Հայաստանի կարծիքը, շահերը, առանց մտորելու անգամ դաշնակցային հարաբերությունների էթիկայի շուրջ: Սա պետք է որ Հայաստանում շատ ու շատ շրջանակների համար մտորելու առիթ լիներ, սակայն երևի անհույս է, քանի որ եթե նախկին առիթները չեն բերել մտորելու, ապա ներկայիս առիթը հազիվ թե բերի՝ Մաքսային միությամբ տոտալ արբածության ֆոնին:
Մյուս կողմից` Ռուսաստանի այս գործողությունները հատկանշական են մեկ այլ տեսանկյունից: Մոսկվան, ըստ ամենայնի, բացարձակապես վստահ չէ, որ Հայաստանն իրականում դառնալու է Մաքսային միության անդամ: Ռուսաստանի իշխանությունների համար իրավիճակը ամենևին անշրջելի չէ, հատկապես այն բանից հետո, երբ եվրոպացիները հստակ հայտարարեցին, որ Հայաստանի հետ հարաբերություններ սառեցնելու կամ ընդհատելու մասին խոսք լինել չի կարող և չեն հրաժարվի Հայաստանից: Ռուսաստանն էլ չի հրաժարվի Ադրբեջանից, եթե նույնիսկ Եվրամիությունը հայտարարի Հայաստանից հրաժարվելու մասին: Ավելին` այդ դեպքում Ռուսաստանն առավել ևս Ադրբեջանից չի հրաժարվի, այսինքն` Ադրբեջանի հետ բիզնեսից, քանի որ այդ պարագայում արդեն Հայաստանն ընդհանրապես ոչ մի լծակ չի ունենալու ռուսական այդ բիզնես-քաղաքականության դեմ:
Թեև Հայաստանն, ըստ էության, այսօր էլ չունի, որովհետև Ադրբեջանի հետ ռուսական սիրա-զինախաղի բուն պատճառն այն է, որ Ռուսաստանը ոչ մի հակազդեցություն այս մասով չի տեսնում Հայաստանում: Սրան չեն հակազդում ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդիմադիր ուժերի ճնշող մեծամասնությունն ու հասարակության մեծ մասը, որին այս ուժերը ոչ թե փորձում են կոչել արժանապատվության, այլ էլ ավելի են սնուցում Ռուսաստանի հանդեպ «հարգանքով», իսկ իրականում հնազանդությամբ և հպատակությամբ` խորացնելով միակ և ահեղ բարեկամի սինդրոմը:
Ռուսաստանն Ադրբեջանի հետ իր խաղը կառուցում է արդեն տարիներ շարունակ, քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ: Մոսկվային թվում էր, որ ինչ-որ փուլում միգուցե Հայաստանը հակազդեցություն կցուցաբերի՝ եթե ոչ իշխանական, ապա գոնե ընդդիմադիր և հասարակական մակարդակում: Սակայն, քայլ առ քայլ խորացնելով և ընդլայնելով հարաբերությունները Ադրբեջանի հետ, Ռուսաստանը երևի ի զարմանս իրեն էլ արձանագրում էր, որ այդ ամենի հանդեպ Հայաստանում քար լռություն էր պահպանվում: Չկար ոչինչ, որը կխանգարեր Ռուսաստանին Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցել Հայաստանի անվտանգության, հայ զինվորների կյանքի սպառնալիքների, Հայաստանի արժանապատվության և ընդհանրապես համաշխարհային պատմության համատեքստում դաշնակցային էթիկայի հաշվին:
Հայաստանում դժգոհության ձայներ բարձրանում են միայն այսօր, որոնք առավելապես ունեն քաղաքացիական ակունքներ: Քաղաքական ուժերից ձայն բարձրացնում են նրանք, որոնք բարձրացրել են նաև նախկինում, սակայն մշտապես եղել են շատ սակավաթիվ սոցիալական հենարանի տեր, իսկ շատերի դեպքում այդ հենարանը ուղղակի իմաստով գրեթե բացակայում է: Այսինքն` գաղափարական կապը կա, սակայն այն չի վերածվել կոմունիկացիայի: Կոմունիկացիոն կապի պարագայում գուցե էֆեկտը լինի առավել ազդեցիկ և մեծ՝ առաջին հերթին հենց հասարակության համար, քանի որ նման էֆեկտը կարող է ունենալ նաև հասարակական ավելի լայն ռեզոնանս` ադեկվատ դարձնելով Հայաստանի հասարակական միջավայրը Ռուսաստանի հակահայկական քաղաքականության ցինիկ դրսևորումներին: Սակայն այս կոմունիկացիան ստեղծված չէ, ինչն էլ զգալիորեն մարգինալացնում է միջավայրը, ընդ որում` անարդարացի, այսպես ասած` սուբյեկտիվ մարգինալացման իմաստով, քանի որ իրական մարգինալներ հանդիսանում են Հայաստանի, այսպես ասած, հիմնական իշխող և ընդդիմադիր ուժերը՝ մարգինալ համաշխարհային գործընթացների հանդեպ:
Այս պայմաններում, Ռուսաստանը չունի ոչ մի արգելակ, որը գործի կդներ Ադրբեջանին զինելու հարցում: Պարզվեց, որ Մաքսային միությունը բացարձակապես արգելակ չէ: Այսինքն` անվտանգության այդ փուչիկը պայթեց նույնիսկ ավելի շուտ, քան Հայաստանը դե յուրե կհասցներ անդամագրվել միությանը: Բայց երևի ավելի լավ է, որ փուչիկը պայթի շուտ, և այդ պայթյունն անցնի առանց զոհերի, քան տեղի ունենա ճիշտ տեղում ու ժամանակին, երբ պայթյունի և հետևանքների համար ստիպված կլինի վճարել հայ ժողովուրդը՝ ինչպես ռուսական բոլոր փուչիկների դեպքում:










































