Թեև նախագահական, պատգամավորական ընտրությունների գլխավոր կազմակերպիչը Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր, ով ընտրակեղծիքների ու ընտրական ռեպրեսիաների կուռ մեխանիզմ է ձևավորել, սակայն ընտրողների շրջանում ընդվզում էր նկատվում իշխանության դեմ: Ընտրություններն ուղեկցվում էին սկանդալներով ու աղմկահարույց միջադեպերով:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ ընդվզման կուլմինացիան նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկության բարձր մակարդակն էր, որոշ տեղերում՝ բացարձակ հաղթանակը, ինչը հույսեր էր ներշնչում, որ Լիսկայի լծից ազատագրվելու կամք է հասունանում Սյունիքում: Սյունիքն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում տարիներ շարունակ հայրիկի՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի շնորհիվ պատգամավոր է «ընտրվել» ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը:
«Լիսկային գահընկեց անելուց և Վահե Հակոբյանին մարզպետ կարգելուց հետո ընտրատարածքը թափուր է մնացել, և այժմ պատգամավորի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ինքնառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը և «Ժառանգությունից» առաջադրված Կապանի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը»,-գրում է հոդվածագիրն ու ավելացնում, որ հիմնական պայքարը գնում է իշխանական թեկնածուի և «Ժառանգության» թեկնածուի միջև:
Թերթի հետ զրույցում «Ժառանգության» թեկնածուն ասել է, որ չնայած ամեն ինչ խաղաղ է, սակայն որոշ խոչընդոտներ առաջանում են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:










































